Մեղադրական կողմը գտնում է, որ «քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանը» պետք է մնա անազատության մեջ, քանի որ կա թաքնվելու ռիսկ. փաստաբան

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը շարունակում են քննել։ Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ մեղադրական կողմի՝ քննիչների «դիրքորոշում» ներկայացնելուց հետո, այսօր պաշտպանական կողմն է իր հիմնավորումները ներկայացնելու։
«Իսկապես, քննիչները չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին, որը բովնադակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ»,-ասաց նա՝ նշելով, թե ինչ փաստեր են բերվում, որ Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ։
Փաստաբանն ասաց՝ նշվում է, թե իրենք դեռևս ունեն վարութային գործողություններ և պետք է կատարեն, իսկ թե որո՞նք են դրանք՝ պարզ չէ, չկա նշված։
«Նաև շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ կա թաքնվելու ռիսկ։ Սամվել Կարապետյանը ինչի՞ց պետք է թաքնվի։ Սա ակնհայտ աբսուրդային է, քանի որ նա նույն հուլիսի 4-ի ուղերձում հայտարարել էր, որ քաղաքական հայտ է ներկայացնում, այդ պայմաններում ինչո՞ւ պետք է թաքնվի, ո՞րն է ռիսկը»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե գուցե կալանավորումը քաղաքական գործընթացից իզոլացնելու միջոց է՝ Վարդևանյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ բոլոր հարցերն ու պատասխանները թաքնված են ֆեյսբուքում գործադիր իշխանության կողմից հունիսի 17-ի գրառման մեջ, որով էլ սկզիբ դրվեց քաղաքական հետպնդմանը։
«Քաղաքական հետապնդումը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ և դրանցից մեկը հենց բուն քաղաքական գործընթացն է։ Ակնհայտ է, որ այս աստիճան անհանգստությունը, որ առկա է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ցանկացած անաչառ դիտորդ կհաստատի»,-ասաց նա։




















