top of page

«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնվող տարածքների շրջակայքում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում, միջպետական տարբեր ճանապարհների վրա:

Ուշագրավ է, որ անընդհատ նոր միավորներ, անհատներ են միանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժմանը, որը, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, «ժողովրդական շարժում է». հոգևոր հայրեր, այդ թվում՝ թեմերի առաջնորդներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, քաղաքական, հասարակական մի շարք հայտնի գործիչներ, իրական մտավորականներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Կա տպավորություն, որ վերջապես համախմբվածության իրական հարթակ է դառնում այս շարժումը:

Ի մասնավորի, օրեր առաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն էր իր համերաշխությունը հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին: Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին հայտարարեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ իրենք աջակցում են «Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը»:

Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս ապրիլի 28-ին հայտարարեց, որ միանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը և սատարում է Տավուշի սահմանին կանգնած մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն:

Երեկ էլ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաքվե» նախաձեռնությունը՝ ներկայում պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ անելով ձևավորելու պայքարի միասնական ճակատ: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ ու ոգեշնչող, և հույս հայտնվում, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը»:

Comentarios


1/2065
bottom of page