top of page

Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է «միջանցքի» մասին լուրերը

Nov 20, 2022
1 min read


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը.

«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է: Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցությանը և տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,-նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ:

Այսպես կոչված «միջանցքի» մասին հաճախ հնչող հայտարարությունների վերաբերյալ Գրիգորյանը հայտնել է՝ «Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»:

Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը: Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք: «Այդ քաղաքական կամքը մենք ունենք և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»,-հավելել է Արմեն Գրիգորյանը:

 
 
1/3798
bottom of page