top of page

Փաշինյանը գիտի, որ արժանանալու է Սաակաշվիլու ճակատագրին, ՀՀ-ի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիևին. Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական հակադրությունների թատերաբեմ, հայ ժողովրդին՝ դրսի խաղերի մանրադրամ: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը:

«Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցածը ոչ թե ավելացրել է մեր անվտանգային կարողությունները եւ  դիվերսիֆիկացրել մեր տնտեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակը: Բրյուսելում ընդամենը քննարկվում էր Հայաստանը հակառուսական եւ հակաիրանական պոլիգոնի վերածելու սցենարը, մեր երկիրը երկրորդ Ուկրաինայի վերածելու ճանապարհային քարտեզը: Ամեն ինչ  սկսվեց Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին, Փաշինյանի համաձայնությամբ եւ Ալիեւի կատարմամբ Արցախը հայաթափվեց: Շառլ Միշելի շուրթերով Արցախի հայությունը սկզբում հռչակվոեց որպես Արցախի էթնիկ հայ բնակչություն, հետո ստացանք արցախահայության էթնիկ զտում: Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, ՀՀ իշխանությունները մի հրեշավոր բանաձեւ էին առաջ քաշել, այն է՝ Հայաստանը խաղաղ կապրի, եթե Արցախը հանձնենք Ադրբեջանին. «Իրականում Արցախը հայաթափվեց ու հիմա զոհասեղանին է դրված Հայաստանը, քանզի Փաշինյանը հանուն իր սեփական շահերի Պրահայում պատռեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը 44-օրյա դավադիր պատերազմից հետո Արցախի հայկական մնալու երաշխիքն էր եւ որն ի հեճուկս Փաշինյանի ցանկության էր ամրագրվել:

Հարգելի ժողովուրդ, հիմա քեզ մեկ այլ սուտ են հրամցնում, ասում են, թե իբր ԵՄ դիտորդները սահմաններին խաղաղություն են ապահովելու եւ Հայաստանը շոտով ԵՄ անդամ է դառնալու: Ասում են՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր երկրի շահերից է բխում եւ ՆԱՏՕժ-ն մեզ կփրկի: Սուտ է, Արեւմուտքը չի էլ թաքցնում, որ ինքը Հայաստանի անվտանգության ապահովման կարողություն ու ծրագիր չունի, արեւմտյան արժեքները չի կարելի շփոթել արեւմտյան վեկտորի ընտրության հետ: Դա շատ դաժան վերջաբանի կարող է հանգեցնել: Մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում Արեւմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնելու, հատկապես որ Արեւմուտքի խնդիրը Հայաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է»,- ընդգծեց Մանուկյանը:

Նրա խոսքով Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը. «Ինքը գիտի, որ արժանանալու է Սաակաշվիլու ճակտագրին, դրա համար էլ առաջնորդվում է «կամ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կամ Հայաստանը չի լինի» կարգախոսով: Հայաստանի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիեւին: Այս ամենին պետք է վերջ տալ: Փաշինյանի հեռացումը խաղաղության մեր պետականության պահպնման գլխավոր նախապայմանն է»,-ասաց նա:

bottom of page