«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
- 2 hours ago
- 2 min read

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իլհամ Ալիևը Ֆրանս24-ին տված հարցազրույցում անդրադառնալով Բաքվում պահվող մեր հայրենակից պատանդների հարցին, մասնավորապես Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության, ասել է, թե խոսք չի կարող լինել նրանց ներման մասին: Ալիևը նշել է, որ Վենսը իր հետ հանդիպմանը նաև այդ թեման է շոշափել, բայց Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի լինի ներում, որովհետև նրանք ավելի ծանր հանցագործ են, քան ֆաշիստները:
Մի կողմ թողնենք այն, որ Ալիևի այդ բնորոշումը բացարձակ մտացածին է և անհեթեթ: Մենք ինքներս մեզ չէ, որ պետք է համոզենք, որ այդ մարդիկ հանցագործ չեն: Թեև, ցավոք սրտի կան հայեր, որոնց պետք է «համոզել»:
Բայց ինձ հետաքրքիր են այն փորձերը, որոնք ուղղված էին ԱՄՆ փոխնախագահ Վենսին համոզելու, որ նա լուծի մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը: Ես այս թեմային անդրադարձա դեռ այն ժամանակ, երբ սկսեցին Վենսին հասցեագրված ուղերձներ: Ես հատուկ գրառում արեցի այդ առնչությամբ, նշելով, որ ընկալումներն ինձ համար տարակուսելի են, բայց չծավալվեցի, առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Նշեցի, որ կանդրադառնամ ավելի ուշ:
Կասկած չունեմ, որ Վենսին հղված տարբեր ուղերձների հեղինակները ունեցել են օգնության ամենաանկեղծ ակնկալիք, ունեցել են մեր պատանդառված հայրենակիցներին վերադարձնելու անկեղծ հույս, դրանով են դիմել ԱՄՆ փոխնախագահին:
Բայց դա ախր միամտություն է, անհույս միամտություն, եթե մենք խոսում ենք մեծ քաղաքականության մասին: Եվ հարցը անգամ այն էլ չէ, թե Վենսը «թքած ունի» այդ ամենի վրա: Ոչ, Վենսը գուցե շատ կուզեր օգնել, լինել օգտակար: Բայց Վենսը վերակացուն չէ, իսկ Ալիևը՝ մանկապարտեզի սանը: Ոչ էլ Թրամպն է այդպիսին, որքան էլ ուզում է ներկայանալ այդպես: Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով, կամ ինչպես ասում է Թրամպը՝ գործարքով: Դուր գա մեզ, թե ոչ: Սա է դառը իրականությունը:
Եթե ԱՄՆ-ն Ալիևին խնդրի, շատ խնդրի ներում շնորհել պատանդներին, դրա դիմաց պետք է ինչ որ բան տա Ալիևին: Իսկ ԱՄՆ Ալիևին ինչու պետք է ինչ որ բան տա մեր հայրենակիցներին ազատելու դիմաց:
Իսկ ահա, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Թրամպի ուղուն համաձանություն տվել առանց այդ հարցի լուծման հստակ պայմանավորվածության, այդ հարցը թերևս բաց է մնում պատմության համար»։




















