top of page

Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել

Apr 6, 2024
1 min read

Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը իր հրապարակած զեկույցում նշել է, որ կազմակերպությունը ԵՄ-ի համար վտանգավոր 821 հանցավոր ցանց է բացահայտել։



«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ տեղեկություն են տրամադրել ԵՄ-ի ներսում գործող ամենավտանգավոր հանցավոր ցանցերի մասին: Նրանց տրամադրած տվյալները համապատասխանում էին Եվրոպոլի հետ համաձայնեցված հատուկ մեթոդաբանությանը և ընդհանուր ցուցիչներին:



Դա Եվրոպոլին հնարավորություն ընձեռեց բացահայտելու ԵՄ-ում գործող ամենավտանգավոր հանցավոր ցանցերից 821-ը: Դրանց 25 հազար անդամները հանցանք են գործում հարստանալու նպատակով և ի վիճակի են միաժամանակ գործելու մի քանի երկրներում՝ ազդելով ԵՄ միլիոնավոր քաղաքացիների կյանքի վրա»,- նշված է դը Բոլի հայտարարությունում:



Պաշտոնյան շեշտել է, որ բացահայտված 821 հանցավոր ցանցերից յուրաքանչյուրը եզակի է։ Դրանք տարբերվում են կազմով, կառուցվածքով, հանցավոր գործունեությամբ, տարածքային վերահսկողությամբ, գոյության տևողությամբ, համագործակցության տեսակներով և մի շարք այլ չափանիշներով։



Եվրոպոլի գործադիր տնօրենն ընդգծել է, որ ավելի քան 800 հանցավոր ցանցերի այս վերլուծությունը հիմքեր է ստեղծում դրանց դեմ պայքարելու և գործունեությունը կասեցնելու համար: Նրա համոզմամբ՝ այս հանցամբերի գործը հետաքննելը և դրանց պատասխանատվության ենթարկելը նպատակ է, որին հնարավոր է հասնել միայն ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ոստիկանական համագործակցության մշակույթի շնորհիվ:

1/3798
bottom of page