Գործընթացը, որ կոչվում է սահմանազատում, Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ու կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ գործընթացն առանց որևէ իրավական հիմնավորման սկսվել է Շուռնուխից ու շարունակվում է Տավուշում։
«Որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որ ԱԺ-ն ընդունի հայտարարություն, որով կանոնակարգենք այն գործընթացը, որն այս իշխանությունը ոգևորության պահին կոչում է սահմանազատում, այն է՝ հասկանանք, թե ինչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը։ Առաջարկեցինք իրավական բազա»,- նշեց պատգամավորը։
Նա ասաց, որ սահմանազատումից անդին՝ այսօր իրականացվում է նաև սահմանագծում։
«Ո՞ւմ հրամանով են սյուներ տեղադրվել, ինչպե՞ս է որոշումը կայացվել»,- ընդգծեց Խաչատրյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հավելեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կոնտուրների որոշումը որևէ կերպ չի կարող ազդել արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա։
Komentar