top of page

«Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց, առաջին պլան եկավ գլամուրը»․ Մհեր Մկրտչյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հին օրերի...», «Տանգոյից...» Ա. Մկրտչյանի կոլեգաները պրեմիերաներից հետո հավաքվում էին, կարծիք ասում` գովում, քլնգում, վիճում... «իրար միս ուտում»:


Երեխա էի, բայց լավ եմ հիշում:


Դա ավանդույթ էր և մշակույթ: Չկային «կարմիր գորգեր», ֆոտոսեսիաներ.... Կար անկեղծություն: Անկեղծությունը օգնում էր լավ կինո ստեղծել:


Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց: Առաջին պլան դուրս եկավ գլամուրը, իրար «սուտ գովալը»: «Լայքը» ոչ միայն Ֆեյսբուքում, այլ նաև կյանքում:


Մենք որպես ստեղծագործող դարձանք ավելի ինքնասիրահարված, իսկ մեր ստեղծածն ավելի «մանր» ու կեղծ:


Հատուկ այս գրառումն անում եմ իմ օրինակի վրա: Երեկ ես լսեցի շատ հիասքանչ խոսքեր: Բայց արդեն հասուն եմ և ունեմ փորձ հասկանալու համար և արած գործի լավը և վատը, ստացվածը և չստացվածը, կեղծը և իսկականը:


Կեղծիքը տարավ մեզ այն կետին, երբ արվեստագետները հավատացած են իրենց բացառիկ լինելու քաղցր հեքիաթին, իսկ քաղաքական գործիչները` միֆին, որ արդեն գրեթե հաղթել են:


Իսկ իրականությունը այլ է և միշտ կլինի այլ, քանի դեռ կեղծիքը կլինի մեզ և մեր արածը բնութագրող միակ շարժիչ ուժը:


Խեղդեք ձեր «էգոն» և մի խուսափեք մարդկանցից, ովքեր ասում են այն, ինչ չեն ուզում լսել ձեր ինքնասիրահար ականջները` լինեք դուք ռեժիսոր, դերասան, քաղաքական գործիչ կամ երգիչ: Դա հաջողության հասնելու ոչ միակ, բայց կարևոր բաղադրիչներից մեկն է»:

 
 
bottom of page