top of page

Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին, շարունակում էր ստեղծել հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Սերգեյ Մելքոնյան

Apr 20, 2024
2 min read

Սահմանազատման համար անհրաժեշտ է ունենալ իրավական հիմք, ինչը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացում չկա։ Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ իրական սահմանազատման հետ որևէ կապ չունի։ Այս մասին «Ինքնիշխան նախագծեր. Համագործակցությունը Եվրասիայում» թեմայով միջազգային ֆորումի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Ռուսաստանում շատ լավ հասկանում էին, որ Ադրբեջանում անհամբեր սպասում էին, թե երբ պետք է դուրս գան խաղաղապահները։ Երբ Ռուսաստանը Գաբալայից դուրս եկավ, իրենց համար շատ մեծ սխալ էր, երբ կրկին թույլ տվեցին «իրենց տարածքում» նորից ունենալ ռուսական ներկայություն։ Հետևաբար՝ վերջին տարիներին Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին, շարունակում էին ստեղծել հիմքեր, թե ինչու պետք է խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից: ՌԴ-ում դա հասկանում էին»,- շեշտեց Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:

Խոսելով Մերձավոր Արևելքում զարգացումների և դրանց ազդեցության մասին՝ Սերգեյ Մելքոնյանն ընդգծեց, որ Ադրբեջանում կար ընկալում, թե Իրանը միշտ խոսում է «կարմիր գծերի» մասին, բայց երբեք պատրաստ չի եղել քաղաքական կամքի տեսանկյունից պահել այդ «կարմիր գծերը»:

«Այո, Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է խոսել ոչ միայն իր «կարմիր գծերի» մասին, այլև պատրաստ է պատժել, եթե որևէ երկիր անցնի այդ գծերը։ Պետք է հասկանանք, որ ո՛չ Իրանը, ո՛չ Միացյալ Նահանգները շահագրգռված չեն լայնածավալ պատերազմով, Իրանը մեկ գիշերում ծախսեց 1 միլիարդ դոլար, որպեսզի ապահովի Իսրայելի անվտանգությունը 300 հրթիռի դեմ»,- ընգծեց միջազգայնագետը։

Պատասխանելով Tert.am-ի հարցին այն մասին՝ արդյո՞ք միջազգային իրավունքի տեսանկյունից գոյություն ունեն ինչ-որ մեխանիզմներ հակազդելու այս ամենին, Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ այսպիսի պրակտիկայի, որն այսօր իրականացվում է երբևէ չի հանդիպել, քանի որ հստակ քարտեզ գոյություն չունի:

«Փուլային քարտեզի տարբերակն էլ նույնպես ընդունելի է․ ինչ-որ ուղղությամբ ընդունել քարտեզ, որն ավելի ռելևանտ է այս պահի դրությամբ, իսկ այլ հատվածի համար ըստ ռելևանտության կրկին ընտրել: Բոլոր երկկողմ հանդիպումներն ուղղված են լինելու ի օգուտ Ադրբեջանի, քանի որ հիմա ժամանակավոր ուժային դիսբալանս է: Ադրբեջանը տեսնում է, որ հնարավորությունների պատուհանը դեռ բաց է և Հայաստանի իշխանությունները համաձայնվում են այդ օրակարգին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

1/3798
bottom of page