top of page

Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդիսավոր բացումը Ամստերդամում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 days ago
  • 1 min read

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկոլայոսի տաճարում երեկ տեղի ունեցավ մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի (բարձրաքանդակի) հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ, հայտնում է «Նիդեռլանդական օրագիրը»։

Օկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսեց Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսի, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանի եւ Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի ուղերձները։

Մասնակիցները շեշտեցին հուշարձանի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի եւ Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվեց, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդերլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։

Սուրբ Նիկոլայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշերին, այլեւ մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։

«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով, կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի եւ Նիդերլանդների միջև», – ասաց Վահան Ավագյանը։

Միջոցառումը ավարտվեց հավատացյալների համատեղ աղոթքով եւ տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։ Առաջիկայում հուշարձանը կդառնա ոչ միայն հայության, այլեւ բոլոր այցելուների համար խորհրդածության եւ հոգևոր հանգստի վայր՝ շարունակելով Նարեկացու սերը, իմաստությունը եւ հավատը տարածելու ժառանգությունը։

1/2692
bottom of page