Ուղղորդված hաշվեhարդшրի գործընթացներ են տեղի ունենում հատկապես ԲՀԿ-ի նկատմամբ. Իվետա Տոնոյան
- 8 minutes ago
- 1 min read

«Վերջին ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը բացառապես հիմնված է անձնական բնույթի սպառնալիքների, ոչ բարեկիրթ խոսույթի, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելու ուղղությունների վրա»,-ասուլիսում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ քաղաքական բանավեճի որևէ տարր նրանց կողմից իրականացվող քարոզարշավը չի պարունակում։
«Ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական բոլոր ուժերը քարոզարշավի այս հնարավորությունն օգտագործում են իրենց ասելիքները, անելիքները ներկայացնելու համար, սակայն ՔՊ-ն ու Փաշինյանը բացառապես քարոզարշավը տեղափոխել են սպառնալիքների, ոչ բարեկրթության դաշտ։
Անգամ այս խոսույթը տեղափոխվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառոկյանի նկատմամբ անձնական սպառնալիքների, վիրավորանքների հնչեցման դաշտ, ընտանիքի անդամներին թիրախավորելու դաշտ։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ բացառապես պայմանավորված է Փաշինյանի ասելիքի բացակայությամբ»,- ասաց նա։
Ըստ նրա, հունիսի 7-ին իշխանությունների կողմից սանձազերծված այս «բեսպրեդելին» քաղաքացիները վերջ կդնեն։
«Այս ամբողջ ընթացքում պետական ու վարչական ռեսուրսը լծված է ընդամենը մեկ նպատակի՝ լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Ակնհայտ ուղղորդված հաշվեհարդարի գործընթացներ են տեղի ունենում հատկապես ԲՀԿ-ի և մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ, հարուցվում են տարատեսակ քրեական գործեր»,- ասաց ԲՀԿ խոսնակը։
Նա նշեց, որ իրենք իրենց ճանապարհից չեն շեղվելու. «Մեր հավասարակշիռ պահվածքն ազդում է մարդկանց վրա, նրանք հանդես են գալիս բացարձակ անհավասարակշիռ պահվածքով։ Բայց մեզ համար կյանքը չի սահմանափակվում հունիսի 7-ով։ Դարնից հետո էլ կյանք կա, մենք պահպանելու ենք մեր մակարդակը»։
«Իշխանությունը գնում է շատ վտանգավոր ճանապարհով. գնում է սադրանքների, ցնցումներ հրահրելու ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է վախի, ատելության, անհանդուրժողականության մթնոլորոտ գեներացնելու ճանապարհ։ Չի ստացվելու»,- ընդգծեց Տոնոյանը։




















