ԱԱԾ-ն ասում է՝ Սրբազանի գործակալ լինելու մասին տվյալներ չկան, բայց դատարանը մերժում է զրպարտությունը հերքելու մասին հայցը
- Armen Sukiasyan

- 1 hour ago
- 2 min read

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, մերժել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցադիմումն՝ ընդդեմ Դավիթ Լևոնյանի։
Բագրատ Սրբազանը ներկայացված հայցադիմումով, հիշեցնենք, պահանջում էր պարտավորեցնել Լևոնյանին՝ և «ՔՊ» կուսակցությանը՝ «Civic.am»-ին հրապարակայնորեն հերքել տարածված զրպարտությունը։ Վիճարկվող նյութում Լեւոնյանը, մասնավորապես, գրել էր, թե Սրբազանը «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
Հայցվոր կողմն ընդգծել էր, որ ինքնին անձին գործակալան-լրտեսական գործունեության մեջ մեղադրելը արատավորում է վերջինիս պատիվը, արժանապատվությունը և համբավը, իսկ քննարկվող պարագայում պետք է լրացուցիչ հաշվի առնվի Հայցվորի անձը, Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր սպասավոր լինելու հանգամանքը, դրանով պայմանավորված՝ նրանից զսպվածության, պարկեշտության, հավատարմության, հայրենասիրության առավել բարձր ակնկալիքները։ Հաշվի առնելով Հայցվորի հանրային դիրքն և հատուկ հոգևոր առաքելությամբ օժտված լինելու հանգամանքը՝ վերջինիս պարագայում առավել անընդունելի և պարսավելի է գործակալական-լրտեսական գործունեության իրականացման մասին պնդումը։ Հետևաբար, երբ վերջինիս վերագրվում է ազգային շահերի ոտնահարմամբ և դրանց հակառակ՝ օտար կամ հայկական պատմական հիշողության մեջ որպես թշնամական երկիր ընկալվող երկրի՝ Ադրբեջանի շահերին ծառայելը, դրա դիմաց հսկայական ֆինանսավորում ստանալը, անխուսափելիորեն արատավորվում և նսեմացվում է Հայցվորի պատիվը, արժանապատվությունը, համբավը և հեղինակությունը։ Ինչ վերաբերում է Եկեղեցին բիզնես դարձնելու մասին հայտարարությանը, ապա հայցվորը նշել է, որ նույնպես արատավորում և նսեմացնում է վերջինիս պատիվը, արժանապատվությունը, հեղինակությունը՝ հաշվի առնելով քրիստոնեական հոգևոր արժեքներն ու Հայ եկեղեցու վարդապետությունը։ Դավիթ Լևոնյանը դատարանում հայտարարել է, թե միտում չի ունեցել վիրավորելու կամ զրպարտելու։
Դատարանը որոշել է մերժել հայցադիմումը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հերքել էր Սրբազանի գործակալ լինելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ նման տվյալներ չկան։




















