«Պետությունը ձեր կողքին է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հավաքականների գլխավոր և մարզիկների անձնական մարզիչները: Ողջունելով մարզիկներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել նրանց` քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանն ընդառաջ և շնորհակալություն հայտնել կատարած հսկայածավալ աշխատանքի համար:
«Հավատով ենք սպասում ձեր մրցելույթներին: Օլիմպիական խաղերից մեր ակնկալիքները բավական բարձր պետք է լինեն, թեև կանխատեսումներ պետք չէ անել: Ամեն դեպքում այն պնդումները, որ շատ ուժեղ մասնակցություն պետք է ունենանք, կարծում եմ՝ բոլորիս է ոգևորում: Այն, որ մեկնում եք մասնակցելու խաղերին, ցույց է տալիս, թե որքան մեծ աշխատանք եք կատարել և որքան մեծ դժվարություններ եք հաղթահարել: Շնորհավորում եմ մասնակցության այս կարևոր հնարավորության համար: Թե՛ ձեր, թե՛ մարզիչների գործադրած ջանքերն ահռելի են, և պետությունը բարձր է գնահատում դրանք: Սպորտում շատ գործոններ են կարևոր, բայց դուք ունեք պայքարելու ոգի, համառություն և հաստատակամություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հաղթանակի բերկրանքը, որ մարզիկները բազմիցս պարգևել են, վստահություն և հավատ է տալիս, որ Օլիմպիական խաղերում ևս տեսնելու ենք նրանց լավագույն մրցելույթները. «Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Պետությունը ձեր կողքին է: Փորձել ենք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել, որպեսզի Օլիմպիական խաղերում ձեր մասնակցությունը լինի արդյունավետ և պատշաճ մակարդակով»:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը մարզիկներին նվիրել է հատուկ Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով, որոնք, նախարարի բնորոշմամբ, կարելի է համարել Օլիմպիական խաղերի՝ հայկական մասնակցության կրծքանշանը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ Օլիմպիական խաղերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի «Հայաստանի տունը», որտեղ կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, երկրպագուների հետ հանդիպումներ. «Այն կլինի փոքր Հայաստան Փարիզում և Օլիմպիական խաղերի ընթացքում ձեզ կփոխանցի հազարավոր երկրպագուների ուժն ու հավատը: Վստահ եմ՝ առիթներ կունենանք նշելու ձեր հաջողությունները, քանի որ բազմիցս տեսել ենք, թե ինչպես անգամ ամենաանհավանական իրավիճակներում դուք կարողացել եք ցուցաբերել կամք և ուժ՝ գրանցելով կարևոր հաղթանակներ: Վստահ եմ՝ այդ հատկանիշներն այս անգամ էլ ձեզ օգնելու են կերտել նոր հաղթանակներ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին և հաջողություն մաղթել նրանց առաջիկա խաղերում: Անդրադառնալով Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»՝ նա տեղեկացրել է, որ վերջինիս պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 25-ին Փարիզի կենտրոնում գործող ՀԲԸՄ շենքում:
«Բոլորիդ հաղթանակ եմ մաղթում: Շատ հզոր թիմ է մեկնում Օլիմպիական խաղերին: Առավել քան վստահ եմ, որ մասնակիցներից շատերին հետո պարգևատրելու ենք փառահեղ հաղթանակների համար, իսկ պարգևատրումները, իսկապես, նշանակալի են: Պետության կողմից ՕԽ չեմպիոնը 25 մլն դրամ կստանա: Պետությանը կմիանան նաև ՀԱՕԿ-ն ու մեր գործընկեր Fastex ընկերությունը, որոնք նույնչափ պարգևատրումներ են նախատեսում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրին: Այսինքն՝ ստացվում է շատ պատկառելի գումար ձեր շատ ծանր հաղթանակների համար: Իմացե՛ք՝ ամբողջ երկիրն է ձեր կողքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար ու նշել՝ կանեն առավելագույնը երկրի պատիվը բարձր պահելու և լավագույնս հանդես գալու համար:
Comments