Քաղաքական գործընթացների արդյունքում Հայաստանն աշխարհագրական վատ, երբեմն սարսափելի դիրքից անցում է կատարում դեպի գերազանց դիրք. Փաշինյան
- 2 hours ago
- 1 min read

Քաղաքական գործընթացների արդյունքում Հայաստանն աշխարհագրական վատ, երբեմն սարսափելի դիրքից անցում է կատարում դեպի գերազանց դիրք: Այս մասին Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հայտարարությունների ժամանակ ասել է Փաշինյանը:
«Գործ ունենք պատմական իրադարձության հետ, բայց ուզում եմ ընդգծել պատմական տերմինի այն նոր շերտերը, որոնք ի հայտ եկան մեր քննարկումների ընթացքում: Ընդհանրապես, մեր իրականության մեջ կա պատմականորեն այնպիսի ընկալում, թե ՀՀ-ն գտնվում է վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում, այսօր շատ խորհրդանշական էր լսել Եվրամիության գործընկերներից, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի և մասնավորապես գտնվում է Արևելքի և Արևմուտքի, կամ դրանք իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա:
Սրանով թերևս արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը և այս ձևակերպումները արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք միևնույն տեղում գտնվելով, քաղաքական գործընթացների արդյունքում պատմական աշխարհագրական վատ դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք: Աշխարհագրական այն դիրքից, որը օգտագործվում էր մեր բոլոր պրոբլեմները բացատրելու համար, հիմա ծառայում է իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականը իրագործելու համար»,- նշել է Փաշինյանը:




















