Սեպտեմբերի 22-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազան
Սեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում սպավող մեծ հավաքին։
Սրբազանը նշեց նաև՝ այժմ ընթացող պայքարի վերջնարդյունքը պետք է լինի երկրում սահմանադրական կարգը վերականգնելը, օրենսդրականից բացի, բարոյական նորմերը վերականգնելը։
«Այս պայքարը կոչված է սահմանադրական կարգը վերականգնելու և այդպիսով՝ բոլոր մեր խնդիրները լուծելու։
Մենք չենք կարծում, որ միայն դրական օրենքն է գործելու մեր երկրում, առաջին հերթին՝ բարոյականությունը․ մենք կոչված ենք քաղաքացիական հասարակության փոխարեն ստեղծելու բարոյական հասարակություն, արժեքների հասարակություն, բարձր արժեքների հասարակություն, որտեղ ամեն պաշտոնյա առաջին հերթին ինքն իր առջև է պատասխան տալու, հետո, բնականաբար, հանրությանը։ Այն, ինչը տեսնում ենք, ինչին ականատեսն ենք, դրա ճիշտ հակառակն է»,- ասաց Սրբազանը։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նա նշեց․
«Սեպտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին Մարզահամերգային համալիրում մեր մեծ, շատ կարևոր հավաքն է տեղի ունենալու։ Դա հանրահավաք չէ, համագումար չէ, միտված է հանրահավաքային տրամաբանությունից դուրս՝ ճանապարհ ցույց տալու։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ դա լինելու է մեր հաղթանակի սկիզբը։ Երկրում տրամադրությունը ամբողջությամբ կա, մնում է՝ ճիշտ ճանապարհով, իրական լուծումներով առաջնորդվել և այս ամբողջ պայքարը հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ պատասխանատու է իր բոլոր խոսքերի համար։
Comments