Մարդկանց «ձեռք են առնում». Լույս չկա, հեռախոսազանգերին չեն պատասխանում
MediaHub-ն ամեն օր բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ առանց զգուշացնելու տարբեր հասցեներում լույս չի լինում։ Հոսանք չի լինում ոչ թե այն հասցեներում, որոնց մասին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տեղեկացնում է, այլ՝ ուրիշ հասցեներում։
Օրինակ՝ մեզ ահազանգած քաղաքացին նշում է, որ առանց զգուշացնելու լույս չի լինում, բացի այդ, օպերատորները չեն պատասխանում հեռախոսազանգերին:
«Ո՛չ տեղեկացնում են, որ լույս չի լինելու, ո՛չ տեղեկացնում են, որ ջուր չի լինելու։ Այս շոգ եղանակին մարդկանց ուղղակիորեն «ձեռք են առնում» և ոտնահարում են մեր իրավունքները։ Շոգ է, ո՛չ կարող ես օդորակիչ միացնել, ո՛չ սառը ջուր կա»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը։
Նա հավելեց. «Ավելին 20 րոպե զագահարում եմ, բայց օպերատորը քնած է, չի պատասխանում հեռախոսազանգերին, «լրիվ ձեռք են առնում»:
MediaHub-ը կապ էր հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ՝ հասկանալու ի՞նչն է պատճառը, որ առանց զգուշացնելու տարբեր հասցեներում էլեկտրամատակարարումն անջատվում է, այն էլ երեկոյան, արդյո՞ք անգամ երեկոյան են աշխատանքներ տարվում։
«Հայաստանի էլեկտրական ցանցերից» մեզ տեղեկացրել էին, որ պատճառը դեռ տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքներն են։ Սակայն, անցել է ավելի քան 1 ամիս, բայց հարցը դեռ չի լուծվել:
Այս տարի և՛ «ՀԷՑ»-ը, և՛ «Վեոլիա Ջուր»–ը ամռան շոգին մարդկանց թողել են առանց լույս ու ջուր, մարդիկ հիշել են «մութ ու ցուրտ տարիները»։ Շարունակում են ոտնահարել քաղաքացիների իրավունքները, իսկ պաշտպանությունն այս երկրում որևէ մեկին չի հետաքրքրում՝ ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ընկերություններին: