top of page

«Մեծն «շինարարի» 5 մեգասուտը». Սևակ Հակոբյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 3 min read

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծն «շինարարի» 5 մեգասուտը․ «Կարճ ասած»


Տարածքային կառավարման ՔՊ-ական նախարարն ասում է՝ նոր ատոմակայանի համար կոնկրետ մոդելի վերջնական որոշումը կկայացվի 2026 կամ 27 թվականներին․ դե, ասում է, շտապելու կարիք չկա։ Մոդուլային են ուզում սարքել, ուսումնասիրում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի առաջարկները։


Նոր ատոմակայանի կառուցման մասին լսել եմ դեռևս 18 տարի առաջ՝ 2008 թվականին, Սերժ Սարգսյանից։ Նիկոլը վերաթարմացրեց ու մշտապես խոսում են դրանից։ 18 տարին բավարար չէ՞ ատոմակայան կառուցելու համար։ Մասնագետներն ասում են՝ միջինը 10 տարին էլ է բավարար։ Նախապատրաստման, տեղի ընտրության, ֆինանսի, համաձայնությունների համար՝ 2 տարի, նախագծում-թույլտվությունների համար՝ 2 տարի, շինարարության համար՝ ռեակտոր, շենքեր, համակարգեր՝ 5 տարի, փորձարկում և գործարկում՝ 1 տարի։ Փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու համար բավարար է 5-7 տարին։ Բա 18 տարի ի՞նչ եք քննարկում։


Օգոստոսին Վաշինգթոնում Փաշինյանն ասում է՝ շատ հետաքրքրված ենք մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով, ԱՄՆ-ն էլ պատրաստակամ է այդ տեխնոլոգիաները կիսելու մեզ հետ։ Բայց ԱՄՆ-ն չունի նման ատոմակայանի հաջողված փորձ․ ընդհանրապես փորձ չունի։ Աշխարհում կա 3 մոդուլային ատոմակայան, երկուսը՝ Ռուսաստանում, մեկը՝ Չինաստանում։ Այլ երկրում չկա։ Այսինքն, սրանք ասում են՝ մենք ուզում ենք կիսել մի երկրի փորձ, որը փորձ չունի։ Ռուսաստանը, որը ունի հաջողված փորձ, չեն դիտարկում, թե ինչու, ինձնից լավ գիտեք։


Դիտարկենք, սակայն, հնարավոր սցենարները։ Նիկոլն օրերս հայտարարեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգերի մավորման նպատակի մասին, դե ասում են՝ մենք նրանց կվաճառենք, նրանք մեզ կվաճառեն, կփոխլրացնենք։ Օրերս երկրորդ նախագահը մամուլի ասուլիսում ասում էր, որ պետք է այդ միավորումը նպատակ ունենա․ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ ունեն էներգիայի ավելցուկ։ Այսինքն, եթե նպատակն ատոմակայանը փակելն է, ինչպես որ պահանջում են Թուրքիան ու Ադրբեջանը, է ասեք էդպես։ Նորը չեք սարքում, հնի ժամկետը մինչև 2036 թվականն է, այսինքն՝ ընդամենը 10 տարի է մնացել, փակում եք ու վերջ, կատարված է համարվում Թուրքիայի ևս մեկ պահանջ․ Թուրքիան անկախությունից ի վեր պահանջում է փակել ատոմակայանը։ Էն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի էներգոհամակարգերը միանան, ատոմակայանն էլ փակվի, ունենում ենք ադրբեջանական էներգիայից խիստ կախվածություն՝ իր բոլոր վտանգավոր, սպառնալի հետևանքներով։


Մյուս մեգասուտը մետրոն է։ Հենց ասում ես Աջափնյակի մետրո, մարդկանց մոտ ծիծաղ է առաջանում, սրանք կարողացան այ էդքան արժեզրկել այդ կարևոր գաղափարը, դարձել է ձախողման չափանիշ։ 2018 թվականից հայտարարել են մետրոյի նոր կայարան կառուցելու մասին։ Քանի՞ տարի է պետք կայարան կառուցելու համար։ Առավելագույնը՝ 7 տարի։ Մոսկվայում և Պեկինում, օրինակ, 3-5 տարում են կառուցում։ 2018-ին խոստացել են, 2026 թվականն է, 7,5 տարի անցել է, պատրաստ է միայն նախագիծը։ Ասում է՝ մետրոյի փողը տվել ենք՝ տրոլեյբուս ենք առել։


Մյուս մեգախոստումը ջրամբարներն են։ Սրանք խոստանում էին կառուցել 15 ջրամբար։ 7,5 տարի իշխանության են, քանի՞ ջրամբար են կառուցել։ Որքա՞ն ժամանակ է պետք Հայաստանի նման փոքր երկրի համար անհրաժեշտ ջրամբարներ կառուցելու համար․ առավելագույնը՝ 3 տարի։ 7,5 տարի իշխանության են։ Վերջերս՝ դեկտեմբերին, Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվեցին, 2026-ին պետք է ջրամբարը կառուցվեր-ավարտվեր։ Արդեն 27 մլն եվրո ծախսել են։ Ջրամբարը չկա։


Չորրորդ մեգանախագիծը․ 2020թ․ խոստացան Հայաստանում տնկել 10 մլն ծառ։ Դա, ասում էին, պետք է խորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում։ Քա՞նի ծառ տնկվեց այդ ծրագրի շրջանակներում։ 0։ Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց՝ շրջակա միջավայրի նախարարն ասաց՝ 10 մլնը չտնկեցինք, բայց 2024 թվականին 3 մլն ծառ կտնկենք։ Այդ խոստումը ևս տապալվեց։ Ընդ որում նախարարը բողոքեց նաև տնկվող ծառերի կպչողականությունից։ Այսինքն, տնկածների մի մասն էլ չորանում է։ Մինչև 2030թ-ն 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ստանձնած Հայաստանը խոստումը կատարել է 2 տոկոսից մի քիչ պակաս։


Այս խոստումները տված-չկատարած իշխանությունը հիմա նոր մեգանախագիծ է ներկայացրել՝ Դիլիջանի նոր թունել։ Նախորդ տարվա ամռանը տարածքային կառավարման նախարարն ասաց՝ Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կկառուցենք։ Կարող ենք կուշտ ծիծաղել և անցնել առաջ։


Դիլիջանի գործող թունելի մասին ասեմ, որ Սևան-Դիլիջան 2257 մետր երկարություն ունեցող ավտոմոբիլային թունելը անգամ խորհրդային տարիներին չհաջողվեց ավարտին հասցնել, շինարարությունը սկսվել էր դեռ 1970 թվականին, բայց 1992 թվականին դադարեցվել ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այն կառուցվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օրոք՝ իր անմիջական հսկողությամբ։


Կարճ ասած՝ չզարմանաք, եթե ՔՊ-ից լսեք Մարսում մետրո կառուցելու, օվկիանոսը Հայաստանին մոտեցնելու նպատակների մասին, անգամ չզարմանաք, եթե պարզվի արտաքին պարտք են վերցրել այդ նպատակների համար։ Ընդամենը մեկ փողոց նորմալ չեն կարողանում ասֆալտել, ձյունը քանդել է սրանց՝ նախորդ տարի փռած ասֆալտը, անմխիթար վիճակ է ամենուր։ Միլիարդավոր դոլարների պարտք են վերցրել, ասֆալտ են արել, բայց քանդվում է էդ անտերը։


Մոտենում են ընտրություններ, ուրեմն սպասեք նոր մեգախոստումների․ եթե այս իշխանությունը, Աստված մի արասցե՝ մնա, վստահեցնում եմ Ձեզ, որ 2066 թվականին էլ նրանք կխոսեն, 15 ջրամբարի, ատոմակայանի, Աջափնյակի մետրոյի, 10 միլիոն ծառի, Դիլիջանի թունելի կառուցման նպատակների մասին»։

 
 
1/3304
bottom of page