Առաջինը մաքրուհին է հայհnյել, uադրել ու հրահրել է աշխատակցին. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
- 53 minutes ago
- 1 min read

Ինքը ներս է մտել, առաջինը ինքն է հայհոյել, սադրել ու հրահրել է աշխատակցին, աշխատակիցն էլ՝ տղամամարդ լինելով, չի կարողացել իրեն զսպի, ոչ թե ծեծել են կամ ջարդել են, այլ դուրս են հրավիրել՝ միգուցե մի թեթև ուժով: Այս մասին 24News-ի հետ զրույցում պարզաբանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը՝ հրապարակված տեսանյութի մասին:
«Աիդա Մխիթարյանի հետ կապված բազմաթիվ բողոքներ ենք ստացել տարբեր բնակիչներից, իրենք մեզ խնդրում ու պահանջում էին, որպեսզի նրան աշխատանքից ազատենք՝ վատ պահվածքի, բնակիչներին տված հայհոյանքների և աշխատավայրում գարեջուր խմելու մասով: Այդ ամենի հետ կապված կան տեսանյութեր և ձայնագրություններ: Աիդա Մխիթարյանը աշխատանքի չհաճախելու համար է ազատվել, դրանից հետո հեռախոսով մեր աշխատակիցներին սպառնացել է, որ կգա կպայթեցնի:
Մխիթարյան Աիդան աշխատանքի է ընդունվել 2024 թվականի մայիս ամսին, այնուհետև ազատվել է փետրվարի 18-ին, իսկ տեսանյութը եղել է փետրվարի 23-ին: Ինչ վերաբերում է միջադեպին՝ միջադեպից առաջ էլ ինքը եկել է ու բնակիչների ներկայությամբ թաղապետարանում հայհոյանքներ է հնչեցրել, խաթարել է բաժնի բնականոն աշխատանքը՝ շանտաժ անելով փորձել է մարդկանց հունից հանել: Թաղապետարանը սրան արձագանքել է՝ հաղորդում տալով ոստիկանություն, 2 հաղորդում ունենք ոստիկանությունում»,- նշել է նա:
Տիգրան Գաբրիելյանը հավելում է՝ ինքը միանշանակ կնոջ և տղամարդու նկատմամբ կիրառված բռնությանը դեմ է, ուղղակի ցանկանում է բացատրել՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, որպեսզի բոլորը ճիշտ եզրահանգման գան:
Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել են աշխատակցին, նա պնդում է, որ վեճը սկսվել է իր աշխատավարձը չվճարելու հարցի շուրջ։ Տեսանյութը նկարահանել է հենց այդ աշխատակիցը:




















