Շտապ օգնության մեքենայում երեխա է ծնվել
Ամռան ամիսներին քաղաքացիների կողմից շտապ օգնություն եկած կանչերը, սովորաբար, նվազում են։ Այս ամառ ևս ձմռան համեմատ կանչերը նվազել են, բայց նախորդ ամառվա համեմատ մոտ 10 տոկոսով ավելացել են։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս ամառ նախորդի համեմատ կանչերը, ըստ երևույթին, ավելացել են արցախցիների՝ Հայաստան տեղափոխմամբ։
«Սովորաբար կանչերը լինում են շնչառական, սիրտ-անոթային խնդիրների, թունավորումների, խայթոցների դեպքերով։ Այս ամառ ավելացել են նաև դեպքերը, երբ երեխաները տան պատուհաններից դուրս են ընկնում։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ պատուհանները բաց են, երեխաները հիմնականում ցանցերին են հենվում՝ չպատկերացնելով, որ այդ ցանցերն իրենց չեն պահի»,- նկատեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ կանչերի թվի նվազում միշտ էլ դիտվում է ամռան ընթացքում, անգամ սիրտ-անոթային խնդիր ունեցողների կողմից զանգերն են ավելի քիչ, քան գարնան կամ աշնան ամիսներին։
«Ունենում ենք նաև տարօրինակ ու զավեշտալի դեպքեր, երբ կանչ է գրանցվում։ Դրանք այս պահին չեմ մտաբերում, սակայն, այս ամռան ընթացքում ունեցել ենք դեպք, երբ շտապ օգնության մեքենայում երեխա է ծնվել»,- ասաց Ռուբեն Գրիգորյանը։
Comments