top of page

Մի քիչ տխուր եմ, որ ոսկե մեդալով չեմ վերադառնում. Արթուր Դավթյան

Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզեի ոսկով... Ափսոս էր: Մեկ քայլ առաջ գնացինք: Կմարզվեմ, կպատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, անպայման:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասել է Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ մեկնաբանելով իր մրցելույթն ու արծաթե նվաճումը Փարիզ-2024-ում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճել է Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը:

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում հենացատկի վարժության եզրափակիչում 32-ամյա մարմնամարզիկը 14.966 միավորով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը:

«Ոսկե մեդալի համար պակասեց երկու ցատկերից մաքուր ավարտը: Ոսկե մեդալ նվաճելու միակ տարբերակս այն կլիներ, որ երկու ցատկերիս վերջնամասում քայլ չանեի, մաքուր կանգնեի: Ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկերից մեկն իմ ցատկերից չորս տասնորդական բարդ էր: Իսկապես նա շատ լավ ցատկեց: Նրան հաղթելու իմ միակ հնարավորությունն այն էր, որ պետք է գայի, կանգնեի ու քայլ չանեի երկու ցատկերի դեպքում էլ:

Լարվածություն կար, Օլիմպիական խաղերի եզրափակիչ էր: Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզեի ոսկով... Ափսոս էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մի քիչ տխուր եմ, որ ոսկե մեդալով չեմ վերադառնում: Մեկ քայլ առաջ գնացինք: Կմարզվեմ, կպատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, անպայման, կարեւորը վնասվածք չունենամ:


Comments


bottom of page