top of page

Փարիզ-2024. Լողորդ Արթուր Բարսեղյանը ժամանակավոր դադար է վերցնում կարիերայում

Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը հայտարարել է կարիերայում ժամանակավոր դադար վերցնելու մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բարսեղյանն այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։  

«Դեռ երկար ժամանակ մտքումս կար սպորտից հեռանալը, սակայն չէի կողմնորոշվում, թե երբ պետք է այդ մասին հայտնեի ամբողջ հայությանն ու սպորտի աշխարհին: Հեռանում եմ, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, նաև հոգեբանական ոչ կայուն վիճակում եմ: Հիմա ուզում եմ ինքս ինձ հասկանամ ու գտնեմ իմ տեղը սպորտային աշխարհից դուրս»,-ասաց Բարսեղյանը:

Վերջինիս խոսքով` երկար ժամանակով դադար է վերցնում: 

«Օլիմպիական խաղերին մասնակցեցի այնպես, ինչպես կարողացա: Ինչպես հասկացա, գլխացավեր ու հայմորիտ ունեմ: Իմ կարծիքով՝ տաղանդիս համար դռները փակվեցին 19 տարեկանում: Լավ արդյունքներ էի գրանցում պատանի հասակում: Այդ ժամանակներից մինչ օրս հիասթափությունը հետապնդում է ինձ»,-առանձնացրեց Բարսեղյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում ընդհանուր արդյունքով 56-րդն է:

Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում Բարսեղյանն իր լողահերթում 7-րդն էր (51.54), իսկ ընդհանուր արդյունքով՝ 56-րդը:

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել:

Comments


1/2065
bottom of page