Արարատ Միրզոյանը հանդիպել է Օմանի էկոնոմիկայի նախարարի հետ
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում:
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները:
Մտքեր են փոխանակվել նաև թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման շուրջ:
Նախարար Միրզոյանն Օմանի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: