Ջրերն են զուլալվում․ Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին
- 11 hours ago
- 1 min read

Կմասնակցի՞ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին , թե ՝ ոչ, դեռևս որոշում չկա։ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չպետք է զարմանալ, որ դեռևս որոշում չունենք։
«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով ներդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»,- ասաց նա։
Հարցին,թե արդյոք սաստկացել է ներընդդիմադիր պայքարը հատկապես ՀՀԿ-ի և ՀՀ երկրորդ նախագահի թիմերի միջև, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, որ մեր ընդդիմադիր պայքարը սաստկացել է։ Ես ուղղակի կարծում եմ, որ ջրերը զուլալվում են։ Մենք որևէ խնդիր չունենք։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն, բոլորն էլ կլսեն»։
Իսկ թե ինչու է ՀՀԿ-ն հապաղում՝ ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Մեր բոլոր ուսումնասիրություններով, այն ուսումնասիրություններով, որոնք տարբեր ընտրությունների ժամանակ գրեթե 100 % ճշգրտությամբ կանխատեսվել են՝ 2021 թ․-ին Գյումրիինը, Էջմիածինը և այլ։ Մենք այսօր անցողիկ ենք, բայց կան նաև այլ հանգամանքներ, որոնց մասին հրապարակավ չեմ կարող ասել։ Այդ հանգամանքների ճշգրտումից հետո մենք արդեն կորոշենք»։
Սարգսյանի խոսքով՝ մինչև մարտի վերջ հստակ կլինի՝ ՀՀԿ-ի մասնակցության որոշման մասին։




















