top of page

Ծովից ծով Հայաստանից մնաց մի լիճ՝ Սևանը, որն էլ այսօր կիսվում է Փաշինյանի ու Ալիևի միջև

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 12 hours ago
  • 2 min read
ree

Այսօր Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի բոլոր տեղանվանումներն ունեն ադրբեջանական ծագում ու որպես օրինակ բերել, որ Սևանա լիճ գոյություն չունի, կա՝ Գյոլչա լիճ, այսինքն՝ միևնույն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք արդեն ապրում ենք խաղաղության դարաշրջանում, Ալիևը հերքում է Հայաստանի Հանրապետության գոյությունն ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ական խմբակը խաղաղություն ասելով հասկանում են կրակոցների բացակայություն սահմաններին, Ալիևը խաղաղություն ասելով հասկանում է Հայաստանի Հանրապետության չգոյություն, քանի որ Ալիևի հայտարարությունը ոչ թե ընդամենը տարածքային պահանջ է Հայաստանի հանդեպ, այլ առհասարակ նման պետության ժխտում։

Մինչդեռ սահմանում կրակոցների բացակայությունն իրականում կապված է ոչ թե Ալիևի կողմից խաղաղության ձգտման, այլ Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու հնարավորություն տալու հետ։ Բավական է մեկ կրակոց սահմանին, և Փաշինյանի բոլոր թեզերը հօդս կցնդեն։ Այդ դեպքում կարող է հարց առաջանալ, ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ Ալիևը հանդես գալիս հայտարարություններով, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա կողմից խաղաղության հասնելու ցանկությունը։ Պատճառը պարզ է՝ Ալիևի նպատակը ոչ թե խաղաղությունն է այն ընկալմամբ, այլ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջական օկուպացիան կամ անեքսիան՝ հայ ժողովրդի աստիճանական ցեղասպանմամբ։ Հետևաբար ելույթ ունենալով իր հանրության առջև՝ նա մշտապես վառ է պահում ու բորբոքում ատելության զգացումը հայերի նկատմամբ։ Այսօրվա ադրբեջանցիների ընկալումներով Հայաստան գոյություն չի ունեցել, ՀՀ այսօրվա տարածքները «պատմական ադրբեջանական հողեր են», որոնք օկուպացվել են հայերի կողմից։ 

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը օրինականացրեց «Արմևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը՝ նույնացնելով այն Արևմտյան Հայաստանի հետ։ Սակայն նա հրաժարվեց մեր պատմական հիշողությունից, մոռացավ Արևմտյան Հայաստանը, ուրացավ Հայոց ցեղասպանությունը, իսկ Ալիևը՝ ոչ։ Գումարած դրան, Ստամբուլում Նիկոլ Փաշինյանը ողջունեց Մեծ Թուրանի գաղափարախոսության իրականացումը՝ համարելով դա Թուրքիայի իրավունքը, տգիտությամբ կամ դավաճանորեն չտեսնելու տալով բոլորի համար այն պարզ փաստը, որ այդ գաղափարի իրականացման ամենամեծ խոչընդոտներից մեկը պատմականորեն հենց Հայաստանն է ու հայ ժողովուրդը։ Հետևաբար, որպեսզի Մեծ Թուրանը դառնա իրականություն, կա՛մ Հայաստանը որպես պետություն պետք է դադարի գոյություն ունենալուց, կա՛մ հայ ժողովուրդը ընդունի իսլամ, հրաժարվի իր ազգային ինքնությունից ու ձուլվի թյուրքական ցեղերին։

bottom of page