«Առաջնորդ չունեցող ընդդիմադիր հայացքներով հայերն այսօր կազմում են մեծամասնություն»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «8 անգամ պառակտված ազգ:
Սկզբից դա արեցին նիկոլենք` սև ու սպիտակի, թալանչիների և «ազնիվների» բաժանելով:
2018-ից անցավ ժամանակ և մարդիկ հիասթափվեցին «թավշյաներից» ու եկան ընդդիմադիր դաշտ: Երկար քայլելուց և սուտ խոստումներ լսելուց հետո պարզվեց, որ էստեղ էլ են իրարից զզվում:
Մարդիկ նայեցին, խորացան (հայերը սիրում են խորանալ) ու մտածեցին` բա եթե Երկիր եք ուզում փրկեք, Արցախ եք ուզում պահեք, «չարիքի» դեմ եք պայքարում... բա ինչի՞ սենց կարևոր հարցի շուրջ չեք կարողանում միավորվել ու հիմա էլ դուք եք մեզ պառակտում:
Կարո՞ղ ա ձեր պայքարի տակ ուրիշ բան կա:
Մարդիկ նորից հիասթափվեցին ու մտան «նեյտրալ» դաշտ: Նեյտրալ որովհետև «նիկոլական» ես «նիկոլական» չեսից հետո չուզեցան անել ընտրություն` «սերժական» ես թե «քոչարյանական»...
Չուզեցան մարդիկ կամ... Կամ նախկին առաջնորդներից ոչ մեկը չկարողացավ գերել նրանց խոսքով, հմայքով, առաջարկած արժեքներով կամ մարդկանց հիշողության մեջ թողած հետքով:
Առաջնորդ չունեցող ընդդիմադիր հայացքներով հայերը այսօր կազմում են մեծամասնություն: Մեծ մեծամասնություն: Ամբողջ հարցը նրանում է` ո՞վ կկարողանա այդ մեծամասնության մեջ հույս և ցանկություն առաջացնել նորից գնալ ընտրատարածք:
Ու ամենակարևորը` որն է այն առաջնորդի դեմքը, ով տեր կկանգնի մարդկանց արած ընտրությանը եթե...
Հ.Գ. Ես չգիտեմ քանի տարի կպահանջվի մեր բազմաշերտ պառակտված ազգը նորից միավորելու համար: Միավորել, որ հեշտ խոցելի չլինենք թշնամիների համար: Դա պետք ա լինի պետական ծրագիր: Մշակույթի ծրագիր»։




















