top of page

Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում (լուսանկարներ)

Apr 25, 2024
2 min read

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են նպաստել մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Թիրախում հատկապես սահմանապահ ու սահմանամերձ գյուղերն են:

Տարիների գործընկերներն ամփոփել են հերթական նախագծի արդյունքը: «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Երասխ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է 25 կՎտ/ժամ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Այն ապահովելու է բավարար քանակի հոսանք՝ էլեկտրական կաթսաների միջոցով ջեռուցման համար: Այլընտրանքային էներգիայով աշխատող կայանից կարող են սնվել նաև հոսանքակիր սարքավորումներ, որի արդյունքում մանկապարտեզը հոսանքի ծախս չի ունենա: Համակարգի գործարկմանը ներկա են եղել Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Գործընկեր կազմակերպությունների իրականացրած ծրագիրը ոչ միայն ջեռուցման հարցի կարգավորում է, այլև՝ ռազմավարական տեսանկյունից արդարացված ու սպասված աջակցություն: Երասխում երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Երեխաներին ընդունել է նախադպրոցական կրթական գործունեության իրավունք ստացած դպրոցն՝ իր նախակրթարանում: Չորս տարի առաջ, դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվել է մանկապարտեզի համար



«Երասխում մարդիկ պետք է ապրեն այն վստահությամբ, որ մենակ չեն: Մեզ համար սա հերթական այց և ծրագիրը գնահատելու հնարավորություն է, իսկ սահմանապահ գյուղում ապրողների համար՝ երկարաժամկետ արդյունք ապահովող կարևոր աջակցություն



Մենք տեսնում ենք ծրագրի էմոցիոնալ կողմը՝ մարդկանց գոհունակությունը, իսկ բնակիչները՝ ռացիոնալ կողմը՝ այլընտրանքային էներգիայով ջեռուցվող սենյակները, հոսանքի ծախսի կրճատումը և աջակցությունը մանկահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Սահմանապահ գյուղերում իրականացվող ցանկացած ծրագիրը կարևոր է: Դա է նաև պատճառը, որ մենք հետևողականորեն տարեցտարի նպաստում ենք նոր տեխնոլոգիաներով աշխատող ենթակառուցվածքների ներդրմանը: Երկրում զարգացումը պետք է հավասարապես ներառի մարզերը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:



Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերը և ակտիվացնել բնակիչների կյանքը։ Արևային կայանների արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսերի ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը: Ավելին՝ հնարավոր կլինի  ավելացնել սաների թիվը, նոր խումբ բացել և օգտակար լինել նաև մոտակա գյուղերում ապրող ընտանիքներին:



«Հայաստանի սահմանամերձ գյուղերը մշտապես մեր հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների հատուկ ուշադրության ներքո են: Թե´ լուսավորության համակարգերը, թե´ դրանց հաջորդող՝ արևային կայանները կենսական կարևորություն ունեն սահմանապահ համայնքների համար։ Ուրախ ենք, որ այսօրինակ ծրագրերով հաղթահարվում են համայնքների համար օրակարգային հարցեր և նախակրթարաններն ապահովվում են ջեռուցմամբ՝ առանց հավելյալ ծախսերի: Այսօր գործարկվող արևային կայաններով արտադրած էներգիան թույլ կտա ապահովել Երասխի մանկապարտեզի բնականոն աշխատանքը»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը



Երասխն «Էկոգյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված հերթական բնակավայրն է: Համատեղ իրականացվող ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրելու մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:



1/3798
bottom of page