Խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցներն ի վիճակի են ցավ առաջացնել մկաններում
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ստատիններ ն ի վիճակի են բջիջներից կալցիումի «արտահոսքի» պատճառով ցավ առաջացնել մկաններում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation (JCI) բժշկագիտական հանդեսում:
Ստատինները լայնորեն օգտագործվում են խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար, սակայն որոշ բուժառուներ դադարեցնում են դրանց օգտագործումը մկանային ցավի, թուլության և խրոնիկական հոգնածության պատճառով: Չնայած տասնամյակներ շարունակ օգտագործմանը, այդ կողմնակի ազդեցությունների պատճառները մնում էին անհասկանալի:
Նոր հետազոտության մեջ գիտնականները ցույց են տվել, որ առնվազն որոշ բուժառուների շրջանում խնդիրը կարող է ի հայտ գալ ստատինի ռիանոդինային ընկալիչի հետ կապվելու պատճառով: Այդ հիմնական մկանային բջջային սպիտակուցը կարգավորում է կալցիումի իոնների շարժումը:
Կրիոէլեկտրոնային մանրադիտակի միջոցով գիտնականներն ուշադիր հետևել են, թե ինչպես է սիմվաստատին դեղամիջոցը փոխազդում այդ ընկալիչի հետ՝ արդյունավետորեն կալցիումական անցուղին բացելով: Արդյունքները ցույց են տվել, որ կալցիումը սկսում է անվերահսկելիորեն ներթափանցել բջիջներ: Այդ արտահոսքը կարող է ուղղակիորեն թուլացնել մկանները կամ ակտիվացնել մկանային հյուսվածքը ոչնչացնող ֆերմենտներ՝ հանգեցնելով ցավի և թուլության:
Հեղինակների կարծիքով՝ այդ մեխանիզմը, ըստ ամենայնի, չի բացատրի ստատիններից առաջացած միոպաթիայի բոլոր դեպքերը, սակայն նույնիսկ եթե այն բնորոշ է բուժառուների փոքր հատվածին, այն անդրադառնում է միլիոնավոր մարդկանց վրա։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ստատիններից առաջացած կալցիումի արտահոսքը կարող է վերացվել կալցիումի նյութափոխանակության խանգարումներին առնչվող այլ հիվանդությունների համար նախկինում մշակված փորձարարական դեղամիջոցի միջոցով։ Նմանատիպ դեղամիջոցներ ներկայում փորձարկվում են հազվագյուտ մկանային պաթոլոգիաներով մարդկանց վրա։




















