Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Jul 8, 2025
- 1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրել է.
«2004 թվականի մայիսի 30-ի «Նյու Յորք Թայմս»-ում տպագրվեց մի հոդված, որն ուներ հետևյալ վերնագիրը՝ «Զանգվածային ոչնչացմա՞ն զենքեր, թե՞ զանգվածային շեղման զենքեր»: Հոդվածը վերաբերում էր Իրաքի ներխուժմանը։ Այժմ մենք բոլորս գիտենք, որ Իրաքի կողմից զանգվածային ոչնչացման զենքի տիրապետման մասին լուրը կեղծիք էր:Սակայն այդ սուտն ու կեղծիքը հզոր ուժ ունեցան պատերազմ սանձազերծելու՝ շնորհիվ լրատվամիջոցների կողմից դրանց տրամադրված (ապա)տեղեկատվության տարածման: Իրականում, կեղծիքի հաջողությունը կախված է դրա հասարակական ընդունումից։ Ահա թե ինչու քաղաքական գործիչը պետք է վերահսկի մեդիան։ Քաղաքական հարթության վրա կեղծիքը ներկայանում է որպես իշխանության արտասովոր գործիք, որպես զենք։Այս առումով ճշմարտության նենգափոխման բազմաթիվ նուրբ ձևեր կան՝ ճշմարտության քողարկում, իրադարձությունների իմաստի աղավաղում, ճշմարտության անվան տակ կեղծ փաստերի ներկայացում։ Սա այն է, ինչ հիմա անում է Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը՝ իր լեզվաշարժության բազմաթիվ դրսևորումներով՝ հասարակության մեջ տեռորի մթնոլորտ ստեղծելով, որը հղի է աղետալի հետևանքներով»։




















