Viva-ում աշխատում են կենդանասեր մարդիկ։ Ընկերության աշխատակիցները նաև իրականացրել են նախաձեռնություններ՝ ուղղված կենդանիների խնամքին և աջակցությանը։
- 2 days ago
- 1 min read

Viva-ն ստիպված է հրապարակավ արձագանքել Նոր Նորքի Նանսենի փողոցում գործող սպասարկման կենտրոնի հարևանությամբ ապրող շնիկի՝ Ճուտոյի հետ կապված սոցիալական ցանցերում տարածվող, ընկերությանն ուղղված անհիմն մեղադրանքներին։ Մի շարք օգտատերեր կոպիտ և անհարգալից տոնով մեղադրանքներ էին հնչեցրել Viva-ի հասցեին՝ պնդելով, թե իբր սպասարկման կենտրոնի աշխատակիցները դիմել են Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ՝ կենդանուն տարածքից հեռացնելու պահանջով։ Ընկերությունն արդեն իսկ սպառիչ պարզաբանում է ներկայացրել կենդանիների շահերից հանդես եկող որոշ օգտատերերի հրապարակումների ներքո։

Viva-ն կրկին վերահաստատում է, որ իր աշխատակիցները որևէ կերպ չեն նախաձեռնել կենդանուն տարածքից հեռացնելու գործընթաց։ Սպասարկման կենտրոնի աշխատակիցները մշտապես խնամել են Ճուտոյին և հոգ են տարել նրա մասին, իսկ նրա անհետացումը նաև իրենց համար է եղել անակնկալ ու ցավալի։ Տարածքից նրան հեռացնելու միջամտության մասին տեղեկությունը աշխատակիցները ստացել են թաղամասից։
Ցավոք, ընկերության ներկայացրած պարզաբանումը չի կանխել որոշ օգտատերերի կողմից շարունակվող անհիմն մեղադրանքներն ու վիրավորանքները։ Ավելին, արձանագրվել են նաև հրապարակային սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ Viva-ի աշխատակիցների հասցեին՝ սպասարկման կենտրոնի դիմաց, ինչը խաթարել է կենտրոնի բնականոն աշխատանքը և լարվածություն ստեղծել տարածքում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համապատասխան կառույցից ստացված տվյալների համաձայն՝ շնիկը՝ Ճուտոն, որդեգրվել է։
Viva-ում աշխատում են կենդանասեր մարդիկ։ Ընկերության աշխատակիցները նաև իրականացրել են նախաձեռնություններ՝ ուղղված կենդանիների խնամքին և աջակցությանը։
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, վիրավորանքներից և սպառնալիքներից՝ ինչպես հանրային տիրույթում, այնպես էլ սոցիալական հարթակներում։ Հակառակ դեպքում ընկերությունը կդիմի օրենքով նախատեսված միջոցների՝ իր բարի համբավը պաշտպանելու և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Համոզված ենք, որ շնիկի որդեգրման լուրը պետք է բոլորիս համար դառնա դրական և միավորող հանգամանք՝ հանուն մարդկանց և կենդանիների խաղաղ համագոյակցության մեր սիրելի քաղաքում։




















