top of page

Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմը փոխում է ստատուս-քվոն Հարավային Կովկասում

Nov 20, 2022
1 min read


Ադրբեջանն երկրորդ տեղում է Թուրքիայից ռազմական արտադրանքի և զինատեսակների ներկրման առումով: Նախորդ տարի Ադրբեջանը Թուրքիայից գնել է 202 միլիոն դոլարի զենք:


Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը վերականգնում է ռազմական ներուժը, գնում է նոր զինատեսակներ՝ բանակում հետպատերազմական բացերը լրացնելու նպատակով: Այս առումով ուշագրավ է, որ Ադրբեջանը զենք և զինամթերք ներկրում է ոչ միայն Իսրայելից և ՌԴ-ից, այլ դիվերսիֆիկացնում է իր գնումների աշխարհագրությունն ու այս առումով սերտացնում է ռազմա-տեխնիկական համագործակցությունը «մեծ եղբայր» Թուրքիայի հետ:


Թուրքիան զենք և զինամթերք վաճառելով Ադրբեջանին՝ մեծացնում է իր ռազմա-քաղաքական ազդեցությունը Բաքվի նկատմամբ, իսկ Ադրբեջանը, իր հերթին, ստանում է ՆԱՏՕ-ական չափորոշիչներին համապատասխան ռազմական արտադրանք: Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է:


Թուրք-ադրբեջանական սերտ ռազմական, քաղաքական, տնտեսական կապերը նոր ստատուս-քվո են ստեղծում Հարավային Կովկասում: Թուրքիան արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներով ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում, ինչը պետք է լուրջ ազդակ լինի ՌԴ-ի և Իրանի համար:


Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն ամրապնդում է երկկողմ կապերն ու ցանկանում է այդ կապերը դարձնել պանթուրքական ռազմավարության անկյունաքար, որի շուրջ պետք է միավորվի թյուրքական աշխարհը՝ Կենտրոնական Ասիայի երկրներն ու ապագայում նաև՝ ՌԴ-ի և Իրանի թյուրքախոս շրջանները:


Թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդումը Հարավային Կովկասում՝ ՌԴ-ի և Իրանի սահմանների երկայնքով բխում է Արևմուտքի՝ անգլո-սաքսոնական ուժերի շահերից, քանի որ Մեծ Թուրանի գաղափարի և ծրագրի միջոցով՝ թուրքերի ձեռքերով նրանք թուլացնում են իրենց հիմնական գեոպոլիտիկ հակառակորդներին՝ ՌԴ-ին և Իրանին, ապագայում նաև Չինաստանին:


Հայաստանը վերոնշյալ զարգացումներին պետք է արձագանքի՝ խորացնելով ռազմա-քաղաքական կապերն առաջին հերթին ՌԴ-ի հետ՝ ռուսական արդի զինատեսակներով վերազինելով հայկական բանակը:


Դրան զուգահեռ, Հայաստանը պետք է ակտիվացնի ռազմա-քաղաքական շփումներն այլ ուժային կենտրոնների՝ Չինաստանի, Իրանի, արաբական աշխարհի հետ, որպեսզի հակակշռի թուրքական էքսպանսիան տարածաշրջանում: Չինական, իրանական, արաբական ներդրումները կարող են նպաստել հայկական տնտեսության զարգացմանը, արտագաղթի դադարեցմանն ու լրացուցիչ եկամուտներ կբերեն պաշտպանական բյուջե:


Արտյոմ Բալասանով


 
 
1/3798
bottom of page