Թշնամու հերթական սադրանքները հստակ նպատակ ունեն՝ երկու միջանցք Սյունիքում․ ադրբեջանագետ

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում թշնամու նոր սադրանքները հստակ նպատակ ունեն։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այժմ հող է նախապատրաստում, որ կարողանա կորզել այն տարածքները, որոնց մասին անընդհատ խոսում է։
«Ադրբեջանն ուզում է Զանգեզուրի երկու միջանցք ստանալ՝ մեկը Անգեղակոթով, մյուսը՝ Մեղրիով։ Բացի այդ, պահանջում է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»,- ներկայացրեց նա։
Ըստ ադրբեջանագետի՝ Հայաստանը նոյեմբերի 9-ին կստորագրեր նոր փաստաթուղթ, եթե չլիներ հանրային մեծ դժգոհություն և պայքար դրա դեմ։
«Հանրության լայն շրջանակներ այդ հարցի նկատմամբ ջղագրգիռ վերաբերմունք ցուցաբերեցին»,- նկատեց նա։
Գրիգորի Այվազյանի դիտարկմամբ՝ դեկտեմբերի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպումը ևս կարող է չեղարկվել, եթե հանրային լուրջ ընդվզում լինի։
«Մենք պետք է համապատասխան մեսիջ ուղարկենք թշնամուն։ Եթե նստենք թախտին, սպասենք բախտին, ապա որևէ արդյունքի չենք հասնի»,- կարծիք հայտնեց ադրբեջանագետը։
Ըստ նրա՝ մենք արդեն տեսել ենք հետևանքը, երբ թշնամու ագրեսիայի ընթացքում խաղաղության մասին ենք խոսել։ Ադրբեջանագետը շեշտեց՝ չի կարելի նույն սխալը կրկնել։
«Երբ ասում էինք, որ պետք է ցանկացած պարագայում ստորագրել խաղաղության պայմանագիր, դա ցույց է տալիս, որ մենք խեղճ ու թույլ ենք։ Հենց այդ ժամանակ ամենամեծ սխալը թույլ տվեցինք»,- ասաց նա, ապա հավելեց, որ զուգահեռ իրականությունում Ադրբեջանը շարունակում էր ակտիվորեն վարել հակահայկական քարոզչություն․ անգամ մանկապարտեզ հաճախող երեխան քայլում էր հայկական դրոշների վրայով։
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանն այս պահին բավականաչափ ուժ ու հնարավորություն չունի լայնածավալ պատերազմ սկսելու, քանի որ 44-օրյա պատերազմն իրեն ևս թուլացրել է, ու հիմա ճիշտ ժամանակն է մեր կամքն ու ուժը ցույց տալու։
«Եթե թշնամին պատերազմի է պատրաստվում, մենք ուղղակի իրավունք չունենք խաղաղության մասին խոսելու և մեր թուլությունը կրկին թշնամուն ցույց տալու»,- նշեց նա։
Գրիգորի Այվազյանը վստահեցրեց՝ այս պարագայում պետք է Հայաստանն իր հաստատակամությունը ցույց տա, թշնամու հետ խաղաղության մասին խոսելն այս փուլում հանցագործություն է։
Նարե Գևորգյան




















