Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի՝ մոտ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը քիչ առաջ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու ՀՀ արևելյան սահմանին տիրող վիճակը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, պետականությունն ու անկախությունը։
Բայց և այնպես, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք շարունակում են կողմնակից լինել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը։
«Այս պահին կրակոցներ չկան, բայց իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ»,- ասաց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստ է ունեցել՝ առնվազն 6 միավոր զինտեխնիկա։ Միևնույն ժամանակ, նա ասաց, որ հայկական կողմը ևս ունի զոհեր, որոնց թվի վերաբերյալ ավելի ուշ կտեղեկացնեն։
«Տեղի ունեցողին կարող ենք տալ մեկ գնահատական՝ ուղիղ ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի՝ շուրջ 41 քկմ ինքնիշխան տարածքը։ Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանն ու նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը»,- նշեց նա։
Փաշինյանը վստահեցրեց՝ մեզ համար անընդունելի է պարտադրանքի լեզուն։




















