Ադրբեջանն Արցախը վերածում է պաշարված ամրոցի

«Ադրբեջանը հատուկջոկատայիններ կտեղակայի Ղարաբաղի Հադրութի շրջանում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով այդ շրջանում զորամասի բացման ժամանակ։
Ադրբեջանը շարունակում է Արցախը վերածել ռազմական հենակետերով շրջապատված տարածքի՝ հետապնդելով մի քանի նպատակներ: Նախ, Ադրբեջանը, հատուկջոկատայիններ տեղակայելով Հադրութում, հստակ մեսիջ է հղում հայկական կողմին և Մինսկի խմբին, որ այդ շրջանը հայկական կողմին վերադարձնելու թեման փակ է:
Եթե հայկական կողմն ապագայում ցանկանա հետ վերադարձնել Հադրութը կամ Շուշին, ապա դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով՝ հանդիպելով ադրբեջանական հատուկջոկատայինների դիմադրությանը: Բացի այդ, 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի հսկողության տակ անցած շրջաններում Ադրբեջանը բազմամիլիոնանոց ներդրումներ է իրականացնում՝ կառուցում է լոգիստիկա և բանակն ապահովելու է այդ նոր ենթակառուցվածքների անվտանգությունը:
Ադրբեջանը փոխելու է իր հսկողության տակ անցած շրջանների էթնիկ-կրոնական դեմքը՝ բնակեցնելով ադրբեջանցիներին, իսկ բանակն ապահովելու է այդ վերաբնակվածների անվտանգությունը: Արցախի այսօրվա տարածքի անվտանգությունն ապահովում են ռուսական խաղաղապահները, սակայն ապագայում նրանք կարող են դուրս գալ Արցախից: Բաքուն և Անկարան ամեն ինչ անելու են, որպեսզի ռուսական խաղաղապահները դուրս բերվեն Արցախից՝ Արցախի մնացած հատվածի հայաթափումը կյանքի կոչելու համար:
Ադրբեջանն այսօրվա Արցախի շուրջ կառուցում է ճանապարհներ, ռազմական լոգիստիկա, որպեսզի ռուսական խաղաղապահների դուրս բերումից հետո այդ հենակետերն ու նոր զորամասերն օգտագործի որպես ռազմական պլացդարմներ ընդդեմ Արցախի և արցախահայության:
Դելիմիտացիայի և դեմարկացիայի, սահմանները բացելու գործընթացը մեկնարկում է, սակայն Բաքվի նպատակներն Արցախի և Սյունիքի հանդեպ չեն փոխվելու: Եթե ռուսական խաղաղապահները շարունակեն իրենց ներկայությունը պահպանել նաև 5 տարի անց, ապա Ադրբեջանը փորձելու է արդեն տնտեսապես կլանել Սյունիքն ու Արցախը՝ վերածելով այն պաշարված ամրոցի՝ կրակոցներով, սադրանքներով խթանելով արտագաղթն Արցախից:
Հայկական կողմը պետք է գիտակցի, որ մեծացնելով տնտեսական, կոմունիկացիոն կախվածությունն Ադրբեջանից, Հայաստանը բացում է «պանդորայի արկղը»: Քանի դեռ արցախյան հարցը կարգավորված չէ, Ադրբեջանը շարունակելու է զինվել՝ պատրաստվելով հարցի կարգավորման երկու տարբերակների՝ խաղաղ հանձնում կամ Արցախի վերջնական գրավում զինված ուժերի միջոցով՝ Թուրքիայի աջակցությամբ:
Արտյոմ Բալասանով




















