top of page

Ադրբեջանը զինվում է՝ արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար

Nov 20, 2022
1 min read


2022 թվականին Ադրբեջանի ռազմական և անվտանգային ծախսերը կկազմեն 2 միլիարդ 600 միլիոն դոլար։ Այս մասին Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։


Նրա խոսքով՝ միայն նոր սպառազինությունների ձեռքբերման վրա գալիք տարի Ադրբեջանը պատրաստվում է ծախսել 294 միլիոն ամերիկյան դոլար։


44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության դարաշրջան բացել՝Բաքուն ակտիվորեն զինվում է, գնում է արդի զինատեսակներ այդ թվում Իսրայելից և Թուրքիայից, ինչը կարևոր ցուցիչ է:


Նախ՝Ադրբեջանի համար արցախյան պատերազմն ավարտված չէ՝ նրանք չեն կարողացել մտնել Ստեփանակերտ՝ռուսական ռազմական միջամտության շնորհիվ: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն ավելացնելու է ռազմական ծախսերը՝Հայաստանին դրդելով մտնել սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ: Դրան զուգահեռ, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բարձրացել են որակական նոր մակարդակի՝դե-ֆակտո Ադրբեջանն ու Թուրքիան այսօր մեկ պետություն են, ինչը պետք է նախազգուշացում լինի ՌԴ-ի և Իրանի համար:


Ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանը շարունակելու է զենքեր գնել Իսրայելից, քանի որ իսրայելական ռազմական արտադրանքը կիրառվել է 44-օրյա պատերազմի օրերին և Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը համոզվել է դրա արդյունավետության մեջ:


Ադրբեջանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, որպեսզի թույլ չտա Հայաստանին և Արցախին ռևանշի հասնել՝նոր պատերազմի միջոցով: Բաքուն զինվում է՝պահպանելու համար ռազմա-քաղաքական ստատուս-քվոն արցախյան ճակատում, իսկ ապագայում՝ՌԴ խաղաղապահ առաքելության դուրս բերումից հետո՝լայնածավալ պատերազմ է սկսելու Արցախի դեմ՝այդ հարցը վերջնականապես փակելու համար:


Հայաստանը պետք է գնի արդի զինատեսակներ՝ՌԴ-ի միջոցով վերազինի բանակը, պատրաստի նոր կադրեր, որոնք կկարողանան շահագործել ժամանակակից զինտեխնիկան:


Դա պետք է արվի ավելի օպերատիվ, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի պատրաստվում սպասել, թե երբ են հայկական զինված ուժերը վերականգնվելու կամ նորից մարտունակ դառնալու:


Ադրբեջանն անընդհատ նոր սպառնալիքներ է հնչեցնելու Հայաստանի նկատմամբ՝պահանջելով Սյունիքը, Սևանը, Երևանը: Հայաստանը պետք է ստեղծի արդի, մոբիլ բանակ, որն ընդունակ կլինի բարդ լեռնային տեղանքում լուծել ցանկացած խնդիր:


Արտյոմ Բալասանով

 
 
1/3798
bottom of page