Անահիտ Ավանեսյանի՝ սանավիացիայով «վոյաժների» հետքերով․ «Irakanum.am»

ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու։ Այդ մասին Irakanum.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է դատախազության ուսումնասիրությունը Առողջապահության նախարարի վերաբերյալ մամուլի հրապարակումների մասով։ Խոսքը վերաբերում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ սանավիացիայով Սյունիքի և Տավուշի մարզեր այցերին։ Այդ մասին գրել էր Irakanum.am-ը։
Մասնավորապես նշվել էր, որ ընթացիկ տարում նախարար Անահիտ Ավանեսյանը երկու անգամ օգտվել է սանավիացիայի ծառայություններից և մեկնել Տավուշի ու Սյունիքի մարզեր։ Ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։ Առողջապահության նախարարությունից մեզ նաև գրավոր էին հաստատել այս տեղեկությունը։ «Անահիտ Ավանեսյանը «Սանավիցիայի» ծառայության միջոցով Տավուշի և Սյունիքի մարզեր օգնության շտապող մասնագետների խմբին է միացել երկու անգամ։ Եվ, քանի որ դրանք շտապ բժշկական օգնության կանչեր են եղել, վճարվել է սահմանված կարգով»,- ասված է նախարարության պատասխանի մեջ։
Անահիտ Ավանեսյանն, ապա «Ազատության» հարցին ի պատասխան հպարտորեն նշել էր․ «Այո՛, գործուղվել եմ Սյունիք, և հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները»։
Կայքը պարզել էր, որ որեւէ մասնագիտական ու խիստ անհրաժեշտ այց Սյունիքի և Տավուշի մարզեր նախատեսված չի եղել, հատկապես, որ ոչ նախարար Ավանեսյանը, ոչ էլ նրանց ուղեկցող փոխնախարարները բժշկական կրթություն չունեն և անգամ եթե տվյալ մարզերում բուժօգնության նպատակով մեկնելիս լինեին, դա իրականացնել պարզապես չէին կարող։ Հետևաբար գործ ունենք պետական բյուջեի միջոցների անարդյունավետ ծախսման հետ։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ կառույցն ուսումնասիրում է մամուլի հրապարակումները։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ այն ուղարկվել է Քրեական ոստիկանություն, այլ կերպ ասած ոստիկանության 6-րդ վարչություն։
Ոստիկանությունից հայտնել են, որ դատախազությունից ստացել են հրապարակումները, ստուգողական աշխատանքներ են իրականացնում։




















