Ադրբեջանը դիվերսիֆիկացնում է ռազմական համագործակցությունը

Ադրբեջանցի զինծառայողները պլանավորում են այս տարի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո անցկացվող երկու միջազգային զորավարժություններին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
2022 թվականին նախատեսվում է ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունըավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների: Մասնավորապես՝ «Eternity-2022», «EFES-2022», «Անխախտելի եղբայրություն -2022», «Ձմեռ-2022», «Միջազգային բանակային խաղեր-2022» և այլն:
Ադրբեջանը շարունակում է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ այդ թվում ռազմական համագործակցության առումով: ՀԱՊԿ-ի զորավարժություններին մասնակցելով՝ Բաքուն մեսիջ է հղում ՌԴ-ին, որ Ադրբեջանը չի պատրաստվում դառնալ պանթուրքական պլացդարմ ընդդեմ Մոսկվայի: Ադրբեջանը, մասնակցելով ՀԱՊԿ-ի զորավարժություններին, նաև ցանկանում է տեսնել Հայաստանի զինված ուժերի մակարդակը՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ինչպես նաև խորացնել կապերը ՀԱՊԿ-ի անդամ թյուրքախոս երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի հետ:
Դրան զուգահեռ, Ադրբեջանը խորացնում է ռազմա-քաղաքական կապերը Թուրքիայի և Վրաստանի հետ՝ ամեն տարի եռակողմ ֆորմատով անցկացվում են զորավարժություններ: Այս տարի նույնպես կայանալու են «Eternity-2022» թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները: Հիշեցնենք, որ «Eternity-2021» զորավարժությունները կայացել են Թբիլիսիում:
Ռուսական և թուրքական «վեկտորներին» զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է ընդլայնել ռազմական համագործակցության աշխարհագրությունը՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրների զորավարժություններին՝ «EFES-2022»-ին: Նշենք, որ նախորդ տարիներին «EFES» զորավարժություններին մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Գերմանիայի զինվորականները:
Ադրբեջանը դե-ֆակտո կառուցում է մինի թուրքական բանակ՝ Թուրքիայի բանակի մոդելը պրոյեկտելով ադրբեջանական բանակի վրա, սակայն կիրառելով նաև ռուսական, ուկրաինական, բելառուսական՝ հետխորհրդային նորագույն զինատեսակներն ու իսրայելական զենքերը՝ մասնավորապես ՀՕՊ համակարգերը, հրթիռները և ԱԹՍ-ները:
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը կիրառել է տարբեր երկրներից գնված զինատեսակներ՝ ռուսական, թուրքական, իսրայելական և այլն: Այժմ ինտենսիվացնելով ռազմական գնումները՝ Բաքուն ցանկանում է բանակն արդիականացնել և պատրաստել հաջորդ պատերազմին: Հենց այդ պատճառով Ադրբեջանն այդքան ինտենսիվ կերպով մասնակցում է տարբեր զորավարժություններին:
Ադրբեջանը հայտարարում է, որ արցախյան հարցը լուծված է, սակայն իրականում ՌԴ խաղաղապահների ներկայությունն Արցախում թույլ չի տալիս Բաքվին ամբողջությամբ հայաթափել Արցախն ու այն բնակեցնել ադրբեջանցիներով: Բաքուն գիտակցում է, որ Արցախի մյուս հատվածի համար նա ստիպված է լինելու մղել նոր պատերազմ՝ գնում է նոր զինատեսակներ և պատրաստում բանակը: Հայաստանը պետք է հետևություններ անի Բաքվի ռազմական նախապատրաստություններից և օպերատիվ կերպով վերականգնի թե բանակի մարտունակությունը, թե արագացնի ՌԴ-ից նոր զենքերի գնումները:
Արտյոմ Բալասանով




















