top of page

Արթուր Դավթյանը Եգիպտոս այցելելու հրավեր է ստացել

Nov 20, 2022
2 min read


Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել համաժողովում Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ, Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Համադա Էլ Սավիի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:


Շնորհավորելով հեղինակավոր համաժողովը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Դավթյանը նշել է, որ 1992թ. ՀՀ և ԵԱՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների բազմաշերտ հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին էապես նպաստել է Եգիպտոսի մշակութային, հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման մեջ կարևոր ավանդ ունեցող և պետության կողմից արժևորվող հայ համայնքի առկայությունը:


ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ 2007թ. Կահիրեում քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի կնքումից հետո ՀՀ դատախազությունը տարիներ ի վեր քրեական գործերով հաջողությամբ համագործակցել է Եգիպտոսի իրավասու մարմինների հետ: Սակայն հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և հատկապես վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների էապես մեծացման հանգամանքը, դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը, առկա է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և այն առավել համակարգված դարձնելու կարիք:


Եգիպտոսի գլխավոր դատախազի տեղակալ Համադա Էլ Սավին իր հերթին ՀՀ գլխավոր դատախազին ողջունել է Եգիպտոս այցելության առթիվ, կարևորել երկու երկրների դատախազությունների միջև գործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը և վստահություն հայտնել, որ հանդիպումը իրավապահ մարմինների միջև կապերի հետագա զարգացման ու ամրապնդման նոր փուլի մեկնարկ կարող է դառնալ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազական երկու կառույցների միջև կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և դատախազների կարողությունների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության խորացման հեռանկարներն ու հնարավոր կառուցակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Պարոն Համադա Էլ Սավին ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել է ԵԱՀ գլխավոր դատախազի հրավերը՝ առանձին այց կատարելու Եգիպտոս և առավել դետալային քննարկելու ընդհանուր հետաքրքրության հարցերը, երկու երկրների դատախազությունների կարիքներից բխող ծրագրերի պլանավորման և իրականացման, այդ ամենը համագործակցության հուշագրով ամրագրելու հնարավորությունները:


ՀՀ գլխավոր դատախազը սիրով ընդունել է հրավերը:

 
 
1/3798
bottom of page