top of page

Մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման. Արթուր Վանեցյան

Nov 20, 2022
2 min read


Մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման: Թուրքիան մշտապես հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ ունի։ Դրանք էին՝ Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելն ու իր տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ 44-օրյա պատերազմից հետո ավելացավ եւս մեկը՝ իրենց տերմինաբանությամբ ասած՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։


Անկարան ոչ մի օր չարեց հայտարարություն, որ հրաժարվում է այս նախապայմաններից եւ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Դրա մասին միայն Հայաստանի իշխանություններն են խոսում։ Եվ, ուրեմն, եթե Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, բայց միաժամանակ հայտարարում է, որ բարենպաստ միջավայր է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու համար, ուրեմն չի՞ ստացվում արդյոք, որ այս իշխանությունները համաձայնել են բավարարել այդ նախապայմանները։ Ընդ որում, մենք հաճախ ենք խոսում արցախյան հարցին եւ միջանցքին առնչվող նախապայմանների մասին, եւ կարծես անտեսվում է Ցեղասպանության հարցի կարեւորությունը։ Ես նորից ուզում եմ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն եւ ոչ առաջին հերթին պատմական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում։ Այն կարեւոր անվտանգային հարց է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Չմոռանանք Թուրքիայի կեցվածքն արցախյան հակամարտության ողջ ընթացքում, Թուրքիայի պահվածքն առաջին արցախյան պատերազմում, ապրիլյանի ժամանակ եւ, անշուշտ, վերջին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Արդյոք Թուրքիայի կեցվածքը նույնը կլինե՞ր, եթե ժամանակին Ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկված լիներ։


Հենց այս է պատճառը, որ Ցեղասպանության ճանաչումը նախեւառաջ անվտանգային խնդիր է մեզ համար։ Ընդհանուր առմամբ, մենք մի պարզ ճշմարտություն պիտի հասկանանք՝ սահմանները չեն կարող հավերժ փակ մնալ, մի օր պիտի սկսվի հարաբերությունների կարգավորման գործընթաց, բայց կողմերի շահերը հաշվի առնող գործընթաց։ Թուրքիան մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հերթական անգամ ցույց տվեց իր թշնամական կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ՝ ամեն կերպ աջակցելով Ադրբեջանին՝ թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական ճակատներում։ Ի վերջո, ապացուցված տվյալներ կան Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների վարձակալության մասին։ Սրանք գործողություններ էին, որ պիտի ստանային համարժեք գնահատական։ Բայց մենք ոչ միայն չունենք համարժեք գնահատական, այլեւ այսօր հենց Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում՝ հարաբերությունների կարգավորման համար։ Ի պատասխան սրան՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայտարարում են, թե իբր դեմ են այդ նախապայմաններին, բայց իրականում այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ փաստացի դրանց կյանքի կոչման փուլ ենք մտնում։


Հիշենք բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, ի դեպ, մի միջոցառման, որի վերաբերյալ ոչ միանշանակ վերաբերմունք ունեն մեր գործընկեր երկրները, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանի իշխանություններն այս գագաթնաժողովին մասնակցելու իրենց որոշումը հիմնավորեցին նրանով, որ դա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու աշխարհին հայության նկատմամբ իրականացված ագրեսիան։ Բայց արդյունքում ոչ մի խոսք չասվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ահաբեկիչների, թուրքական նախապայմանների եւ այլնի մասին։ Այսինքն, ոչ միայն քայլեր չեն իրականացվում Հայաստանի իշխանությունների կողմից՝ հասնելու այդ ագրեսիայի դատապարտմանը, այլեւ ստեղծված հնարավորություններն էլ պարզապես չեն օգտագործվում։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ որոշակի կապեր, պայմանավորվածություններ Թուրքիայի հետ արդեն գործում են։


Մյուս կողմից՝ այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից եւ Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին, ինչը եւս որոշակի շփումների արդյունք է։ Այդ շփումների, կապերի առկայության ցուցիչ է նաեւ նույն «3+3» շատ կասկածելի ձեւաչափին առանց որեւէ խոչընդոտի համաձայնություն տալը։


Արթուր Վանեցյան


 
 
1/3798
bottom of page