top of page

Ֆրանսիան կձգտի վերականգնել կապերը Աֆրիկայի հետ. Սեժուրնե

Apr 6, 2024
1 min read

Ֆրանսիան կձգտի վերականգնել կապերը Աֆրիկայի հետ և կառուցել «հավասարակշռված գործընկերություն», որը շահավետ կլինի մայրցամաքի համար: Ըստ Ֆրանսպրեսի՝ շաբաթ օրը դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն: 



Պաշտոնին նշանակվելով հունվարին՝ Սեժուրնեն Աֆրիկա իր առաջին այցը սկսեց շաբաթ օրը՝ Քենիա, այնուհետև կմեկնի Ռուանդա, և ապա վերջին կանգառը՝ Կոտ դ'Իվուար (Փղոսկրի Ափ):



«Ֆրանսիայի կոչումը կլինի՝ վերականգնել և կառուցել հավասարակշռված, փոխադարձ հարգալից գործընկերություն աֆրիկյան երկրների հետ՝ ի շահ բոլոր երկրների»,- ասել է Սեժուրնեն իր քենիացի գործընկերոջ՝ Մուսալիա Մուդավադիի հետ մամուլի ասուլիսում:



«Սա հենց մեր ճանապարհային քարտեզում ամրագրվածն է՝ դիվերսիֆիկացնել այդ գործընկերային հարաբերությունները և դրանք շահավետ դարձնել այն երկրների համար, որտեղ մտադիր ենք ներդրումներ կատարել»,- հավելել է ֆրանսիացի նախարարը։



Սեժուրնեն ընդգծել է, որ Աֆրիկան Ֆրանսիայի արտաքին քաղաքականության «առաջնահերթությունն» է: Նա հավելել է, որ մայրցամաքը մշակութային, տնտեսական և դիվանագիտական տերություն դառնալու ճանապարհին է: Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի՝ դա կարևոր նշանակություն կունենա համաշխարհային հավասարակշռության վրա:



Քենիայում՝ Արևելյան Աֆրիկայի տնտեսական կենտրոնում Ֆրանսիան ուժեղացրել է իր առևտրային ներկայությունը, իսկ տասը տարվա ընթացքում երկրում գործող ֆրանսիական ընկերությունների թիվը գրեթե եռապատկվել է՝ 50-ից հասնելով 140-ի:

1/3798
bottom of page