Դեբեդից 1 զոհ, 2 անհետ կորած կա. ՄԻԵԴ-ը դեռ չի արձագանքել հայ գերիների մասով. «24News»

Սյունիքի մարզի ուղղությամբ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական բախումների հետևանքով Լոռու մարզի Դեբեդ համայնքից կա 1 զոհ, իսկ 2-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը։
«1 զոհ՝ Դավիթ Ամիրյանը, ում հուղարկավորությունը 3 օր առաջ է տեղի ունեցել, 2 հոգի էլ անհետ կորած ունենք՝ Կառլեն Ստեփանյանը, Հարություն Սարգսյանը», - ասաել է համայնքապետը։
Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա Ղազարյանը նշել է, որ անհետ կորած համարվողներին Ադրբեջանը դեռ չի հաստատել, որ այնտեղ են ու գերի։
«Մեկին տեսանյութում ճանաչել ենք, մյուսին չենք տեսել որևէ տեսանյութում»։
Ըստ նրա՝ անհետ կորածների ընտանիքները դիմել են թե՛ Հայաստանում «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեին, թե՛ պաշտպանության նախարարությանը։ «Կառլեն Ստեփանյանի քույրը Եվրոպական միության Եվրահանձնաժողովին էլ է դիմել, «Կարմիր խաչին» էլ, պաշտպանության նախարարությանն էլ, Հարությունի ծնողները, կինը դիմել են «Կարմիր խաչ», պաշտպանության նախարարություն, ես էլ ամենօրյա կապի մեջ եմ ծնողների, զորամասի հրամանատարության հետ, իրենք էլ նորություն լինելու դեպքում կապի մեջ կլինեն։ Փորձում ենք երկուսի հետ կապված ցանկացած նորություն կիսվել, տեղեկացնել, վերլուծել, հասկանալ։ Այլ նորություն չունենք», - նշել է Աշոտ Ղազարյանը։
Ինչ վերաբերում է Դավիթ Ամիրյանին, ապա Ղազարյանն ասել է, որ նա բախումների հետևանքով ստացված վնասվածքներից է զոհվել։ «Որովհետև բախումներից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ, որում ինքը երևում է գլխից և ոտքերից վիրավոր վիճակում, իսկ ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են»։
Հայաստանում «Կարմիր խաչ»-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 24News-ին ասաց, որ Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքով հնարավոր գերի ընկածների հանգամանքը Ադրբեջանը դեռևս չի հաստատել, և որ նորություն չկա։ «Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, բայց որևէ լուր կամ հաստատում այս պահի դրությամբ չեմ կարող տալ։ Սպասում ենք։ Մենք հարազատների հետ ընթացիկ կապի մեջ ենք, նրանք մոտենում են, մենք հետադարձ կապ ենք հաստատում», - եզրափակել է Ամատունին։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ հայ գերիների մասով դեռևս ՄԻԵԴ-ից չեն արձագանքել հայաստանյան կողմի դիմումին։ «Դեռ նորություն չեմ կարող ասել, որովհետև դեռ ՄԻԵԴ-ից պատասխան չենք ստացել»։
Սամվելյանն ասաց, որ Ադրբեջանը դեռևս չի հաստատել հայ զինծառայող գերեվարելու հանգամանքը։
«Ադրբեջանը դեռ չի հաստատել, երեկվա դրությամբ էլ դեռ «Կարմիր խաչին» էլ նույնիսկ ինֆորմացիա չի փոխանցվել», - եզրափակել է նա։




















