top of page

Երբ քաոսն ու անկառավարելի իրավիճակը դառնում են երկրի «հոգեվիճակ»

Nov 20, 2022
2 min read


Հայաստանյան քաղաքական դաշտում անկայուն, ավելի կոնկրետ՝ քաոտիկ վիճակը շարունակվում է։ Թվում է՝ պետական ապարատը գործում է, բոլորն աշխատում են, յուրաքանչյուրն իր անելիքը գիտի, սակայն, այդ աշխատանքի արդյունքը ոչ ոք չի տեսնում։


2018 թվականին կայունություն, խաղաղ ու երջանիկ կյանք բերելու խոստումներով իշխանության եկած թիմն, ըստ երևույթին, արեց լրիվ հակառակը։ Ի՞նչ ունենք հիմա․ հեղհեղուկ խաղաղություն՝ զիջումների գնով, անհասկանալի վիճակ պետական համակարգի բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինև անվտանգային և խնդիրների մեջ թաթախված քաղաքացի։


Եթե պետությունը դիտարկենք որպես օրգանիզմ, ապա պետք է հասկանանք, որ նրա ամբողջական գործունեության համար պատասխանատու են նրա բոլոր «օրգանները»՝ ամենամեծից մինչև ամենափոքր։ Բայց դրանց միայն անխափան գործելը, բնական է, բավարար չէ, քանի որ, որքան էլ իդեալական աշխատեն մարմնի մասերը, օգուտ չի լինի, եթե գլուխը չտա «գործունեության պլան»։


Թերևս հենց այստեղ է հիմնական խնդիրը։ Մենք ունենք պետական ապարատ, որի գլուխն ուղղակի անտեղյակ է, թե ինչ են անում մարմնի մասերը, այս դեպքում՝ գերատեսչությունները։ Եվ հենց այդ անտեղյակությունը, անկարողությունը հանգեցնում են համակարգային աշխատանքի խաթարման, ավելի հաճախ՝ քաոսի։


Եթե հետևենք, թե ինչով են զվաղված պետական գերատեսչություններն, ապա կտեսնենք՝ ամենքն էլ իր անելիքն ունի, յուրաքանչյուրը կարող է ներկայացնել արված գործերի հսկայական ցանկ և ապացուցել, որ տվյալ ոլորտում հաջողություններ կան։ Բայց այդ ամենը որևէ կերպ չի արտացոլվում քաղաքացու կյանքի որակի վրա, որին և պետք է միտված լինեն աշխատանքները, ինչո՞ւ, քանի որ իսպառ բացակայում է համակարգված կառավարումը։


Ավելին, համակարգողը գրեթե անտեղյակ է ոլորտներից ու առկա խնդիրներից. նրան զեկուցում են և նա ամեն խոսք ընդունում է որպես ճշմարտություն, իսկ սխալի դեպքում արձագանքը նունն է՝ «ինձ սխալ են զեկուցել»։


Հենց այդպես, մի ողջ պատերազմն ու հազարավոր կյանքերի կորուստն անգամ «արդարացվեց» նույն պատճառաբանությամբ՝ սխալ էր զեկուցվել։


Այս համատեքստում, բարդ է հասկանալ, թե երբ ու ինչպես հնարավոր կլինի հաղթահարել քաոսը, երբ ուղեղային կենտրոնը անհասկանալի սխեմայով, կամ ինչ-որ պատահականությամբ է կառավարում համակարգը։


Նարե Գևորգյան

 
 
1/3798
bottom of page