«Գորշ գայլերը» սպառնում են ՌԴ տարածքային ամբողջականությանը

Թուրքական խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հրապարակել է իր նկարը «Թուրքական աշխարհի քարտեզի» ֆոնին: Դրանում, մասնավորապես, ներառված են մի շարք ռուսական շրջաններ՝ Դաղստանից ու Օրենբուրգի մարզից մինչեւ Ալթայ ու Յակուտիա: Խոսքը Ռուսաստանի Դաշնության մոտ 20 սուբյեկտի մասին է: Հրապարակված լուսանկար-քարտեզում նշված են Սիբիրի լայնածավալ տարածքները:
Թուրք ազգայնականները «Գորշ գայլերի» «մեսիջն» են հղում ՌԴ-ին՝ցուցադրելով իրենց իրական նպատակները ռուսական պետականության նկատմամբ: Ռուս-թուրքական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ներդրումային կապերը զարգանում են, սակայն Թուրքիան միշտ անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է ներկայացնելու ՌԴ-ի համար: ՌԴ-ում բնակվում է մի քանի տասնյակ միլիոն թյուրքախոս բնակչություն՝Անկարան ունի պանթուրքական ծրագրեր և Մեծ Թուրան կառուցելու համար նոր ջանքեր է գործադրում: Ըստ թուրք ազգայնականների՝ՌԴ-ի կազմաքանդումից հետո այդ երկրի թյուրքախոս շրջանները պետք է միանան ապագա մեծ թյուրքական կայսրությանը:
ՌԴ-ն պետք է գիտակցի, որ ուժեղացնելով թուրքական գործոնը Հարավային Կովկասում և հետխորհրդային այլ շրջաններում՝Մոսկվան բացում է պանդորայի արկղը, քանի որ Մեծ Թուրանի ստեղծումը ձեռնտու է Արևմուտքին, որը թուրքական ծրագրերի միջոցով կկարողանա հարվածել իր հիմնական գեոպոլիտիկ մրցակիցներին՝ՌԴ-ին, Իրանին և Չինաստանին:
Թուրքիան չի թաքցնում իր պանթուրքական ծրագրերը՝միավորելով թյուրքախոս երկրներին և առաջ տանելով իր նեոօսմանական շահերը նաև Մեծ Մերձավոր Արևելքում՝Լիբիայից մինչև Սիրիա, Իրաքի հյուսիսից մինչև Պարսից ծոցի երկրներ:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումը Թուրքիայի համար գեոպոլիտիկ առումով նոր շանս ստեղծեց՝ամրապնդել իր դիրքերը ԽՍՀՄ կազմի մեջ մտնող թյուրքախոս երկրներում՝Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում: Այսօր, երբ Արևմուտք-ՌԴ հարաբերությունները լարված են և կրում են սառը պատերազմի բնույթ՝անգլո-սաքսոնական ուժերին ձեռնտու է Մեծ Թուրանի գաղափարի վերականգնումը՝ուժեղացնելով Անկարայի պանթուրքական նկրտումներն Արևմուտքն այդ ծրագիրն ուղղում է ռուսական, իրանական, չինական պետականությունների դեմ: Այդ երկրներում բնակվում են թյուրքախոս ժողովուրդներ և Անկարան ցանկանում է հանդես գալ այդ ժողովուրդների պաշտպանի դերում: Չմոռանանք, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմի թեկակղզու միավորումը ՌԴ-ի հետ և պաշտպանում է Ղրիմի թաթարներին:
Այսպիսով, ռուս-թուրքական շահերն երկարաժամկետ հեռանկարում բախվելու են, քանի որ Անկարան չի հրաժարվելու Մեծ Թուրան կառուցելու ծրագրերից, ինչն ուղիղ սպառնալիք է ռուսական պետականության գոյությանը: ՌԴ-ն պետք է հակաքայլեր ձեռնարկի՝պանթուրքական ծրագիրը խաթարելու համար՝աջակցելով հակաթուրքական կոալիցիայի ձևավորմանն ու ռազմա-քաղաքական աջակցություն ցուցաբերելով Թուրքիայի հետ պատմական խնդիրներ ունեցող երկրներին՝առաջին հերթին Հայաստանին:
Արտյոմ Բալասանով




















