top of page

Գրիգորի Հայրապետովը անվախ, շիտակ մարդ էր․ Րաֆիի Հովհաննիսյան

Nov 20, 2022
1 min read

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մասին։


«Գրիգորի Հայրապետովը անվախ, շիտակ, արժանապատիվ Հայ Մարդ էր, ընտանիքի նվիրյալ, բարձրագույն պրոֆեսիոնալ պետական պահապան:


Նա իր գիտակցական ողջ կյանքը նվիրաբերեց Հայրենիքին:


Մեր Հանրապետության առաջին տարում՝ 1991թ. նա կցված էր արտաքին գործոց նախարարին: Բայց ես, միգուցե միամիտ, համարեցի, որ պատերազմական եւ բազմաթիվ այլ մարտահրավերների պատասխանող երկիրը Գրիշայի մակարդակի երիտասարդ սպայի ծառայության կարիքն այլ տեղ պետք է ունենար, իսկ մենք գործի մեր բաժինը կանեինք Աստծո ուղեկցությամբ եւ ժողովրդի մոտ բաց ռեժիմով: Արձակեցի մեր թիկնապահներին:


Բացառության կարգով նա միացավ, ըստ հրամայականի, արտասահմանյան՝ հանրահայտ դարձած «Պոլսո» առաքելությունն ապահովելու համար:

Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների լարված ժողովից հետո, երբ արդեն ցամաքով Կարին-Էրզրումից վերադառնում էինք Մարգարա, հանկարծակի եւ անհայտ անկյունից մեր մեքենան ենթարկվեց բազմազարկ հարվածների. դիմապակիները փշրվեցին: Հետեւի նստարանին կողքս նստած Հայաստանի Հանրապետության անձնազոհ զինվորը, ապագա գեներալը ամբողջ մարմնով ծածկեց ինձ՝ հարվածն ու վերքը վերցնելով իր վրա:

Մանրամասներն այստեղ կարեւոր չեն, այլ իրողությունը, որ սա Գրիշայի՝ հայրենի ծառայության ամբողջ կենսագրության սոսկ հերթական՝ հավանաբար չարձանագրված մեկ էջն էր:


Դրանից հետո իշխանությունները եկան ու գնացին, բայց նա նույն Մարդը մնաց՝ հարգանքով անվախ, ողնաշարով շիտակ, էությամբ՝ արժանապատիվ:

Ով արժանի է՝ նրա մի կտոր օրինակով ապրի: Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

3 հունվարի, 2022թ.

Երեւան»։


 
 
1/3798
bottom of page