Կառավարությունը համայնքներում գյուղացու խնդրի լուծումը սկսում է գերարագ ինտերնետ ապահովելուց
Համայնքաներին տրամադրվող սուբվենցոին ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր ունենք։ Այդ մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Այս տարի մոտ տասը փոփոխություն ենք առանձնացրել, որպեսզի սուբվենցիոն ծրագրերն ավելի լավը դառնան։ Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել բարձրլեռնային տարածքներից, որոնք նույն չափով էին սուբվենցիա ստանում։ Այս պահին առաջարկում ենք սահմանամերձ համայնքներին տրամադրվող միջոցների չափն ավելացնել»,- ներկայացրեց Սանոսյանը։
Բացի այդ, նա նշեց, որ Կառավարությունը համայնքներում կառուցվող մանկապարտեզների համար 80% փոխհատուցում կտրամադրի։
«Արոտավայրեր տանող ճանապարհները կբարելավվեն, որպեսզի գյուղատնտեսությունը խթանենք։ Նաև ուզում ենք գյուղական բնակավայրերում գերարագ ինտերնետ ապահովել՝ կապուղի կառուցելով»,- ասաց Սանոսյանը։
Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը կաջակցի նաև ապաստարաններ կառուցելուն։




















