top of page

Հայաստանը չպետք է ընդունի հարաբերությունների կարգավորման Թուրքիայի նախապայմանները

Nov 20, 2022
2 min read


Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին նշել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:


Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է, ինչը պայմանավորված է 44-օրյա պատերազմում գրանցված արդյունքներով: Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչն ամրագրված է Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի ղեկավարների ստորագրած նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ:


Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմաններից էր արցախյան հարցի ադրբեջանամետ հանգուցալուծումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու ՀՀ-ի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը: Եթե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ունենալու է այս գինը, ապա դա չի բխում Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային, պետական երկարաժամկետ շահերից:


Եթե հարաբերությունները կարգավորվելու են առանց որևէ նախապայմանի, բացվելու են սահմաններն ու Հայաստանը կարողանալու է դուրս գալ շրջափակումից, ապա դա կխթանի հայկական տնտեսությունը, կկանխի արտագաղթն ու հնարավորություն կստեղծի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել հայոց բանակի արդիականացմանն ու անվտանգության համակարգի ամրապնդմանը:


Սակայն Թուրքիան երբեք չի հրաժարվելու իր նախապայմաններից, քանի որ դրանք Անկարայի պանթուրքական, հայոց պետականության վերացման ռազմավարության մասնիկներն են: Թուրքիան ցանկանում է միավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի Թուրքիայի արևելյան սահմաններն անցնեն Կասպից ծովով՝ Բաքուն վերածվի «երկրորդ Ստամբուլի»: Ադրբեջանը վերածվելու է պանթուրքական պլացդարմի, Թուրքիայի սատելիտի, որտեղից Անկարան Մեծ Թուրան կառուցելու ծրագրերն է կյանքի կոչելու ՌԴ-ի, Իրանի թյուրքախոս շրջանների, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի նկատմամբ:


Հայաստանը պետք է հաշվարկի բոլոր ռիսկերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, այդ թվում սահմանների բացման պարագայում թուրքական բիզնեսի և կապիտալի էքսպանսիայի առումով:


Այսօր Աջարիան վերածվել է թուրքական կապիտալի էքսպանսիայի տարածքի՝ թուրք բիզնեսմենները գնել են հյուրանոցներ, ռեստորաններ, կառուցում են մզկիթներ, վերաբնակեցնում են թուրքերի, որպեսզի փոխեն Աջարիայի էթնիկ-կրոնական դեմքը:


Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա հայկական ազգային, պետական շահերը հաշվի առնելով, չընդունելով Թուրքիայի նախապայմանների լեզուն, հաշվարկելով բոլոր ռիսկերը՝սահմանները բացելու հետ կապված, ինչպես նաև՝ չվատթարացնելով ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային կապերը՝ կարճաժամկետ տնտեսական օգուտների համար:


Արտյոմ Բալասանով

1/3798
bottom of page