Ինչպե՞ս և ե՞րբ է արձագանքում նախագահ Արմեն Սարգսյանը սահմանին իրավիճակի լարմանը

Հայաստանում երկրի կառավարման համակարգի փոփոխությունից հետո նախագահի ինստիտուտի դերն էականորեն նվազեց։ Կառավարման գործում «առյուծի բաժինն» այժմ վարչապետինն է։ Նախագահի գործառույթը շատ հարցերում սահմանափակվում է հայտարարությամբ, կոչով կամ պարզապես բավարարվում իրավիճակին գնահատատական տալով։
Վերջին դեպքը, որին նախագահն իրեն հատուկ ոչ օպերատիվությամբ արձագանքեց, Սյունիքում թշնամու իրականացրած գործողություններն էին։ Վաղ առավոտից ծավալվող իրադարձություններին նախագահ Սարգսյանն արձագանքեց միայն երեկոյան՝ ժամը 19:30-ին, հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելով իրավիճակը։
Սա միակ դեպքը չէ նախագահի՝ սահմանային իրավիճակներին ուշ արձագանքելու։ Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում թշնամին Վարդենիսի ուղղությամբ էր հարձակման անցել, ինչի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունեցավ։ Այս միջադեպի վերաբերյալ էլ նախագահը հայտարարություն տարածեց ավելի քան 10 ժամ հետո՝ ցավակցելով զոհերի հարազատներին ու աջակցություն հայտնելով բանակին։ Նախագահի խոսքում, սակայն, դատապարտող որևէ տող չկար։
Իսկ մայիսի 12-ին թշնամու՝ միանգամից մի քանի ուղղություններով ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուն նախագահի աշխատակազմը միայն մայիսի 13-ին արձագանքեց։ Ընդ որում՝ նախագահը Սյունիքում ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ էր համարել ու կարևորել էր հարցի շուտափույթ լուծումը, սակայն նրա խոսքում չկար որևէ տող Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների տարածք ներխուժած թշնամու մասին։
Արմինե Նավոյան




















