Իսրայել-Ադրբեջան դաշինքի ամրապնդումը բխում է Արևմուտքի շահերից

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն ու Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել: Այդ մասին հայտնում է Իսրայելի դեսպանատան Twitter-յան էջը:
Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ՝կողմերը համագործակցում են ռազմա-քաղաքական, էներգետիկ, տնտեսական ոլորտներում:
Ադրբեջանում է բնակվում հրեական ազդեցիկ համայնքը, որը կապող օղակ է հանդիսանում երկրների միջև: Իսրայելը միլիարդավոր դոլարների արդի զինատեսակներ է վաճառել Ադրբեջանին, որոնք օգտագործվել են Արցախի դեմ քառօրյա պատերազմի օրերին և 44-օրյա պատերազմի ընթացքում: Բաքուն շարունակում է նոր զինատեսակներ գնել Իսրայելից: Իսրայելն իր հերթին նավթ է ստանում Ադրբեջանից՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով:
Իսրայելի համար կարևոր է Ադրբեջանի գեոպոլիտիկ դիրքն՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Եթե Իրանն Իսրայելի շուրջ ստեղծել է պլացդարմներ Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում, ապա Իսրայելն Իրանի դեմ ստեղծել է պլացդարմ Ադրբեջանում: Ադրբեջանին անհրաժեշտ են իսրայելական արդի զինատեսակներ, իսկ Իսրայելի համար Ադրբեջանը վճարունակ գնորդ է:
Բացի այդ, Ադրբեջանը, զգուշանալով Իրանից և շիական ազդեցության մեծացումից, Ադրբեջանի ներսում սերտացնում է կապերը սուննիական Թուրքիայի և Իսրայելի հետ: Իրանի համար Իսրայելը՝ թիվ մեկ ռազմա-քաղաքական հակառակորդն է և Թեհրանում շատ սուր են ընդունում իսրայելա-ադրբեջանական կապերի սերտացումը՝հատկապես ռազմական ոլորտում:
Իսրայելը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իրանի միջուկային լոգիստիկային, որպեսզի Իրանը չդառնա միջուկային պետություն: Այս առումով Ադրբեջանի վիճակը բարդ է՝ եթե Ադրբեջանն իր տարածքը տրամադրի Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար, ապա իրանական զինուժը կարող է մտնել Ադրբեջանի տարածք՝ իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի հզորությունները տարբեր են՝ Իրանը գերազանցում է Ադրբեջանին բոլոր չափանիշներով:
Տարածաշրջանում ստեղծվում է հակաիրանական կոալիցիա, որին անդամակցում են Արևմուտքը, Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը, որոնք հետաքրքրված են իրանական պետականության թուլացմամբ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է իր հսկողության տակ վերցնել Իրանական Ադրբեջանը՝ պանթուրքական ռազմավարությունից ելնելով:
Նշենք, որ Իսրայելի համար Ադրբեջանն ելք է դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, Կովկաս, ինչպես նաև Իրանի դեմ հետախուզական գործողություններ իրականացնելու ամենահարմար երկրներից է:
Չնայած Իրանի սուր արձագանքին, Ադրբեջանը հայտարարել է, որ շարունակելու է խորացնել կապերն Իսրայելի հետ: Իսրայել-Ադրբեջան կապերի խորացումը բխում է Արևմուտքի շահերից, որն Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է՝ հատկապես ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք ունեն նավթագազային շահեր Ադրբեջանում:
Արտյոմ Բալասանով




















