Փաշինյանի կադրային «սովը»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի»-ի տեղեկություններով՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։ Պատգամավորը հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Քաղաքական թիմն է այսպիսի որոշում կայացրել, ես էլ ընդունել եմ։ Հիմա էլ հանուն Հայաստանի Հանրապետության կշարունակեմ ծառայել գործադիրում»: Սեդրակ Թևոնայնն էլ հայտնել է, որ հնարավոր է՝ անցնի այլ աշխատանքի՝ սակայն չբացելով փակագծեր՝ որտեղ։ Նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։ Տեղի ունեցածին հատուկ չէինք անդրադառնա, եթե չլինեին մի քանի էական հանգամանքներ։ Նիկոլ Փաշինյանն ունի կադրային աղքատիկ բանկ ու ստիպված է թիմի ներսում անընդհատ փոխատեղումներ անել։
Սա ողբերգական պատկեր է մի առաջնորդի համար, որն իշխանության է եկել հեղափոխական ալիքի վրա ու բոլոր հնարավորություններ ուներ կադրային մեծ բազա ձևավորել՝ հասարակության արժանի ներկայացուցիչներին ներգրավելու ճանապարհով։ Սակայն հեղափոխությունից հետո նոր արժեքներ չարմատավորվեցին, շարունակեց գործել հին արատավոր համակարգի իներցիան, երբ պաշտոնի էին նշանակվում՝ բացառապես անձնական հավատարմության, հովանավորության սկզբունքով։ Դեմոկրատական երկրում երբեք այսքան բացահայտորեն չի նսեմացվում խորհրդարանական ինստիտուտը․ պատգամավորն առաջնային մանդատով օժտված բարձրաստիճան պաշտոնյա է ու տարակուսելի է, երբ նա իր կարգավիճակից հրաժարվում է՝ գործադիր իշխանությունում ոչ համարժեք պաշտոն զբաղեցնելու համար։ Սա ինքնին ենթադրում է, որ խորհրդարանը Փաշինյանի համար «գրպանային» մի մարմին է, որը ոչ մի դերակատարություն չունի պետական համակարգում, որոշումների կայացման գործընթացում։
Եվ վերջապես՝ գործ ունենք մարզպետներին պատժելու գործընթացի հետ։ Այստեղ գերակա է ոչ թե այն հանգամանքը, որ այս կամ այն մարզպետը թերացել են իրենց ֆունկցիոնալ պարտականություններում, այլ՝ այն, որ նրանք ձախողել են ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակն ապահովելու «սուրբ» գործը։ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին չէր ներվելու ՔՊ պարտությունը Ապարան համայնքի ընտրություններում, ու նա պետք է հեռանա։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին չէր ներվելու Վեդիի ընտրությունների ձախողումը, ինչի հետևանքով Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանը ստիպված է նոր ընտրություններով զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը։ Մանդատը վայր դրած պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը նշանակվելու է Արագածոտնի մարզպետ ու այդ մասին վստահ հայտարարում է։ Սեդրակ Թևոնյանի հարցում դեռ որոշակիություն չկա․ նա մարզպետի պաշտոնում կփոխարինի հորը, եթե Փաշինյանին հստակ երաշխիքներ տա, թե առավելագույնն անելու է՝ Վեդիի համայնքապետի պաշտոնում ՔՊ-ի ու Գարիկ Սարգսյանի ընտրության համար։ Այսպիսի բարքեր են Փաշինյանի Հայաստանում, երբ ամեն օր խոսվում է արդարության ու օրինականության մասին՝ գործնականում այդ արժեքները հավասարեցնելով գետնին։
Վահրամ Բագրատյան




















