«Լուսավոր Հայաստանի» մարած լույսերը, կամ ինչպես ընդմիշտ «կլասիկ» մնալ

2015թ-ի վերջին ստեղծված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր պատմության կարճ ընթացքում հասցրել է ասոցացվել մի շարք քաղաքական ուժերի հետ։ Սա հետևանքն է այս կուսակցության դրսևորած քաղաքական վարքագծի, ինչպես նաև տարբեր կուսակցությունների հետ դաշինքներ կազմելու կամ նրանց գաղափարները սատարելու քաղաքականության։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմքում ընկած են «Լուսավոր Հայաստան» և «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունները։ Ընդ որում՝ «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր էր դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի դեմ։ Սակայն 2018թ-ին՝ իշխանափոխությունից հետո ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց, որ ինքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի փորձագետ չէ, չի կարող բանավեճի մեջ մտնել, միայն կարող է քաղաքական մասով դիրքորոշում հայտնել, իսկ այդ մասով հայտարարել են, որ պաշտպանում են այս կառավարությանը: Նա հիշեցրեց, որ իրենք արդեն հայտարարել են, որ կաջակցեն, որպեսզի համաձայնության ժամանակավոր կառավարությունը կարողանա կյանքի կոչել նախատեսած ռեֆորմները: Ընդ որում «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին դեմ էր 2014թ-ին, իսկ նույն գաղափարների շուրջ համախմբվելով «Լուսավոր Հայաստան»-ի հետ, «Դ!ԵՄ ԵՄ»-ը ինքստինքյան կողմ դարձավ, որն Աժ-ում արտահայտվեց Մարուքյանի շուրթերով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2015 թվականից ի վեր մասնակցել է համապետական բոլոր ընտրություններին, ինչպես նաև Երևանի ավագանու և ՀՀ խոշոր քաղաքների ՏԻՄ ընտրություններին։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն մասնակցել է «ԵԼՔ» դաշինքի («Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ) համամասնական ցուցակով, իսկ 2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ «ԼՈՒՅՍ» դաշինքով («Հանրապետության» հետ)։ Թավշյա հեղափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցում է որպես առանձին ուժ՝ թմբկահարելով «երրորդ ճանապարհ»-ի քաղաքական հայեցակարգը՝ արդյունքում դառնալով 7-րդ գումարման ԱԺ ընդդիմադիր խմբակցություն։
2019թ-ի կեսին տեղի ունեցած բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը ևս «Լուսավոր Հայաստանը» կողմ քվեարկեց։
Երբեք իշխանության ղեկին չեղած ԼՀԿ-ի մի շարք անդամներ, թեև իրենց հռչակել են ընդդիմություն, սակայն դա չի խանգարում, որ առանցքային հարցերում սատարեն օրվա իշխանությանը, իսկ Ազգային ժողովից դուրս՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցության ձևաչափով պարբերական հանդիպումներ ու քննարկումներ ունենան իշխող ուժի հետ։
ԼՀԿ-ն, որը մեծ ջանասիրությամբ իրենց շարքերը լքողներին մեղադրում է ճամբարափոխ լինելու մեջ, բազմիցս սեփական քաղաքական հայացքներում նման դրսևորումներ է ունեցել։ Ստացվում է՝ այն ինչը կարելի է «կլասիկներին», չի կարելի նախկիններին։
Արմինե Նավոյան




















