top of page

«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի: Դե իսկ ուսումնական պրակտիկան էլ անցել է հենց նույն Ազգային ժողովում, որտեղ աշխատակազմի ղեկավար է:

Այս տեղեկությունները փորձեցինք նախ ճշտել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից: Սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում ուղարկեց, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Բայց հանրային շահն այստեղ առավել կարեւոր է. ուստի «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես միշտ, առաջնորդվում է հանրային շահով:

Հարցաշար ուղարկեցինք նաեւ Ազգային ժողով՝ Դավիթ Առաքելյանից հետաքրքրվելով՝«1. ի՞նչ առաջադիմությամբ եք սովորել ԳԱԱ-ում2. ի՞նչ հաճախականությամբ եք մասնակցել դասապրոցեսներին3. որքա՞ն եք բացակայել դասաժամերից եւ ի՞նչ հիմնավորմամբ են դրանք հարգելի համարվել4. մագիստրոսական թեզի պաշտպանությունն ինչպե՞ս է անցել, ո՞վ կամ ովքե՞ր են ղեկավարել Ձեր թեզը5. ո՞րտեղ եք անցել ուսումնական փորձառությունը (պրակտիկան) եւ ո՞ւմ ղեկավարմամբ6. ուսումնական փորձառության (պրակտիկա) ի՞նչ արդյունք եք գրանցել»:

Այս հարցերին պատասխանել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը՝ հայտնելով, որ Դավիթ Առաքելյանն իր ուսումնական պրակտիկան անցկացրել է ԱԺ-ում, իսկ մյուս հարցերին խուսափել է պատասխանելուց՝ թերեւս ասելիքի բացակայության կամ իրականությունը թաքցնելու հիմքով:

Նկատենք, որ Դավիթ Առաքելյանի պաշտոնի անձնագրով նա պարտավոր է ամեն օր ներկայանալ աշխատանքի, եւ անհասկանալի է, թե ինչպես է այդ դեպքում համատեղել իր կարեւոր աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ:

Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար եւ ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում:

Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս երեւույթը համարեց «կրիմինալ խնդիր»:«Եթե մարդ դասի չի գնում եւ ավարտում է, օրինախախտում է», – նշեց նա:

Մենք հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով պարզաբանել, թե այս որակի կրթությանը ի՞նչ գնահատական ունի պետական գերատեսչությունը: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:Իսկ հիմա Դավիթ Առաքելյանի մասին՝ ով է նա, ինչ անցյալ ունի:Նախ նկատենք, որ նրա կենսագրությունը հրապարակված չէ ԱԺ կայքում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից ուղարկել են Առաքելյանի կենսագրությունը, որը, մեղմ ասած, աղքատիկ է. 32 ամյա Առաքելյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 2019 թվականից՝ 27 տարեկանից: Նա տարեսկզբից աշխատանքի է անցել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի գրասենյակում՝ որպես փորձագետ, թեեւ, ըստ դիպլոմի, գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի ստանդարտացման մասնագետ է, եւ անհասկանալի է, թե նախ, ինչպես է փորձագետ նշանակվել, եթե կյանքում որեւէ աշխատանքի փորձառություն չի ունեցել, ապա նաեւ, թե ինչով է զբաղվել Ալեն Սիմոնյանի գրասենյակում: Բայց Առաքելյանը նաեւ ունեցել է մասնագիտական առաջխաղացում եւ 2 տարի անց դարձել է ԱԺ նախագահի օգնական: Մոտավորապես 1.5 ամիս աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, երբ Ալեն Սիմոնյանը փոխարինում էր ՀՀ նախագահին, այնուհետեւ նախորդ տարվա փետրվարից մինչ օրս աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն է:

Այսինքն՝ Դավիթ Առաքելյանը հեղափոխական իշխանության տիպիկ ներկայացուցիչ է. մինչ 2018 թվականը անգործ է եղել, բայց Ալեն Սիմոնյանի շտաբում ինքնադրսեւորվելուց հետո կյանքը գլխիվայր շուռ է եկել»:

댓글


1/2065
bottom of page